22 Օգոստոս, Եշ
2.28 Իսկ այժմ,որդեակներ, մնացէք նրա մէջ, որպէսզի երբ նա յայտնուի, վստահութիւն ունենանք եւ նրա գալստեան ժամանակ նրանից չամաչենք. 29 քանի որ դուք գիտէք, որ նա արդար է, ապա իմացէ՛ք, որ ամէն ոք, ով արդարութիւն է անում, նրանից է ծնուած:
3.1 Տեսէ՛ք, ինչպիսի սէր շնորհեց մեզ Հայրը, որպէսզի մենք կոչուենք Աստծոյ որդիներ. աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց: 2 Սիրելինե՛ր, այժմ Աստծոյ որդիներ ենք. եւ դեռ յայտնի էլ չէ, թէ ինչ ենք լինելու: Գիտենք, որ երբ նա յայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ: 3 Եւ ամէն ոք, որ այս յոյսն ունի իր մէջ, մաքրում է ինքն իրեն, ինչպէս որ նա է մաքուր: 4 Ամէն ոք, ով մեղք է գործում, նաեւ անօրինութիւն է անում. եւ մեղքը ինքնին անօրինութիւն է: 5 Եւ գիտենք, որ նա այն պատճառով յայտնուեց, որպէսզի վերացնի մեղքերը. բայց նրա մէջ մեղք չկայ: 6 Ամէն ոք, ով բնակւում է նրա մէջ, չի մեղանչում. եւ ամէն ոք, ով մեղանչում է, ո՛չ տեսել է նրան եւ ո՛չ էլ ճանաչել: