22 Օգոստոս, Եշ
18.28 Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: 29 Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: 30 Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: 31 Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրէք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» 32 (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով է ինքը մեռնելու): 33 Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների Թագաւորը»: 34 Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ՞ ուրիշներն իմ մասին քեզ ասացին»: 35 Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թէ ես էլ հրեայ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: 36 Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնն այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կմարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: 37 Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու Թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ Թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան մասին վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»: 38 Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ հրեաների մօտ ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: 39 Բայց դուք սովորութիւն ունէք, որ Զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»: 40 Բոլորը աղաղակեցին եւ ասացին. «Ո՛չ նրան, այլ Բարաբբային»: Եւ այն Բարաբբան աւազակ էր:
19.1 Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց՝ Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: 2 Իսկ զինուորները, փշէ պսակ շինելով, դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: 3 Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: 4 Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս՝ ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 5 Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր ու ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա այդ մարդը՝ ձեզ»: 6 Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: 7 Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ, ըստ մեր օրէնքի, պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծոյ Որդի դարձրեց»: 8 Երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: 9 Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց. «Որտեղի՞ց ես դու»: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: 10 Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: 11 Յիսուս պատասխանեց. «Դու ինձ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքն աւելի մեծ է»: 12 Սրանից յետոյ Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաներն աղաղակում էին ու ասում. «Եթէ նրան արձակես, ուրեմն կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսերը»: 13 Իսկ երբ Պիղատոսն այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ՝ այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: 14 Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր Թագաւորը՝ ձեզ»: 15 Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր Թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: 16 Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչ հանուի: