22 Օգոստոս, Եշ
1 Իսկ արդ, հարցնում եմ. մի՞թէ մերժեց Աստուած իր ժողովրդին: Քա՛ւ լիցի. քանզի ես էլ իսրայէլացի եմ՝ Աբրահամի սերնդից, Բենիամինի ցեղից: 2 Աստուած չմերժեց իր ժողովրդին, որին նախապէս ճանաչել էր: Կամ չգիտէ՞ք՝ ինչ է ասում Գիրքը Եղիայի մասին. թէ ինչպէս է նա գանգատւում Աստծուն Իսրայէլի դէմ. 3 «Տէ՛ր, կոտորեցին քո մարգարէներին եւ կործանեցին քո սեղանները. ես մնացի միայն, եւ իմ կեանքն են ուզում»: 4 Իսկ ի՞նչ է ասում նրան պատասխանը. «Թողեցի ինձ,– ասում է,– եօթ հազար մարդ, որոնք Բահաղին չծնրադրեցին»: 5 Նոյնպէս եւ ներկայ ժամանակում մնացորդներ կան՝ ըստ ընտրութեան շնորհի: 6 Իսկ եթէ շնորհից է, այլեւս գործերից չէ. ապա թէ ոչ՝ շնորհն այլեւս շնորհ չի լինի: 7 Իսկ արդ, ինչ որ Իսրայէլը փնտրում էր, դրան չհասաւ. բայց ընտրուածները հասան, իսկ մնացածները կուրացան – 8 ինչպէս գրուած է. «Աստուած նրանց յիմարութեան հոգի տուեց, աչքեր, որոնցով չպիտի տեսնեն, եւ ականջներ, որոնցով չպիտի լսեն» – մինչեւ ներկայ ժամանակները: 9 Եւ Դաւիթն ասում է. «Թող նրանց սեղանները լինեն որոգայթ եւ խայծ, գայթակղութիւն եւ հատուցում նրանց: 10 Թող խաւարեն նրանց աչքերը, որպէսզի չտեսնեն, եւ նրանց թիկունքը մշտապէս ծռած պահիր»: 11 Իսկ արդ, ասում եմ. մի՞թէ նրա համար յանցանք գործեցին, որ կործանուեն: Քա՛ւ լիցի. այլ նրանց յանցանքով է, որ եկաւ փրկութիւն հեթանոսներին, որպէսզի նախանձ գցի նրանց մէջ: