22 Օգոստոս, Եշ
32 Ուրիշ երկու չարագործներ էլ բերեցին՝ նրա հետ սպանելու համար: 33 Երբ հասան Գագաթ կոչուած տեղը, այնտեղ նրան խաչ հանեցին. եւ չարագործներին էլ, մէկին աջ կողմը, միւսին ձախ կողմը, խաչեցին: 34 Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր նրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»: Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին: 35 Իսկ ժողովուրդը դիտում էր. իշխանաւորները նրանց հետ միասին ծաղրում էին նրան ու ասում. «Ուրիշներին ազատեց, թող ինքն իրեն էլ ազատի, եթէ դա է Քրիստոսը՝ Աստծոյ ընտրեալ Որդին»: 36 Զինուորներն էլ ծաղրում էին նրան. առաջ էին գալիս, քացախ էին մատուցում նրան ու ասում. 37 «Եթէ դու ես հրեաների Թագաւորը, փրկի՛ր ինքդ քեզ»: 38 Եւ նրա խաչի վրայ մի գրութիւն կար՝ գրուած յունարէն, լատիներէն եւ եբրայերէն գրերով, թէ՝ սա է հրեաների Արքան: 39 Իսկ կախուած չարագործներից մէկը հայհոյում էր նրան ու ասում. «Դու չե՞ս Քրիստոսը. փրկի՛ր ինքդ քեզ եւ մեզ»: 40 Նրա ընկերը, նրան սաստելով, պատասխան տուեց եւ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դո՛ւ, որ նոյն պատիժն ես կրում: 41 Եւ մենք իրաւացիօրէն արժանի հատուցում ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որեւէ վատ բան չի արել»: 42 Եւ ասաց Յիսուսին. «Յիշի՛ր ինձ, Տէ՛ր, երբ գաս քո արքայութեամբ»: 43 Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ. այսօր ինձ հետ դրախտում կլինես»: 44 Եւ համարեա կէսօր էր. եւ խաւար եղաւ ամբողջ երկրի վրայ մինչեւ ժամը երեքը. արեգակը խաւարեց: 45 Եւ տաճարի վարագոյրը մէջտեղից պատռուեց: 46 Եւ Յիսուս բարձրաձայն աղաղակեց եւ ասաց. «Հա՛յր, քո ձեռքն եմ աւանդում իմ հոգին»: Երբ այս ասաց, հոգին աւանդեց: