22 Օգոստոս, Եշ
41 Արդ, նրա ծնողները ամէն տարի, Զատկի տօնին, Երուսաղէմ էին գնում: 42 Եւ երբ նա տասներկու տարեկան եղաւ, տօնի սովորութեան համաձայն՝ Երուսաղէմ ելան: 43 Եւ երբ տօնական օրերը լրացան, ու նրանք վերադարձան, մանուկ Յիսուսը մնաց Երուսաղէմում, եւ նրա ծնողները այդ չիմացան: 44 Կարծում էին, թէ նա իրենց ուղեկիցների հետ է. մի օրուայ չափ ճանապարհ եկան եւ նրան փնտռեցին ազգականների ու ծանօթների մէջ: 45 Ու երբ չգտան, Երուսաղէմ վերադարձան՝ նրան փնտռելու համար: 46 Եւ երեք օր յետոյ նրան գտան տաճարում. վարդապետների հետ նստած՝ նա լսում էր նրանց եւ հարցեր էր տալիս:47 Եւ բոլորը, որ նրան լսում էին, զարմանում էին նրա իմաստութեան եւ պատասխանների վրայ: 48 Երբ ծնողները նրան տեսան, հիացան. իսկ մայրը նրան ասաց. «Որդի՛, այս ի՞նչ արեցիր դու մեզ. ահաւասիկ հայրդ ու ես տագնապած քեզ էինք փնտռում»: 49 Եւ նա պատասխանեց նրանց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտռում, չգիտէի՞ք, թէ ես Հօրս տանը պէտք է լինեմ»:50 Բայց նրանք չհասկացան այն խօսքը, որ նա իրենց ասաց: 51 Եւ Յիսուս նրանց հետ իջաւ ու Նազարէթ գնաց. եւ նա հնազանդ էր նրանց: Եւ նրա մայրը այս բոլոր բաները պահում էր իր սրտում: 52 Իսկ Յիսուս զարգանում էր իմաստութեամբ, հասակով եւ շնորհով Աստծու ու մարդկանց առջեւ: