22 Օգոստոս, Եշ
1 Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ, 2 որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուանից պատրաստ են այդ օգնութեանը»: Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց: 3 Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը ի զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնուէք: 4 Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մե՛նք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար՝ դուք: 5 Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ առաջուց պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նուէր եւ ոչ թէ ժլատութեամբ եղած ընծայ. 6 քանզի, ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի: 7 Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը: 8 Եւ Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում, 9 ինչպէս գրուած էլ է. «Սփռեց եւ տուեց աղքատներին. նրա արդարութիւնը մնում է յաւիտեան»: