22 Օգոստոս, Եշ
1 Ճշմարիտն եմ ասում Քրիստոսով եւ չեմ ստում, - խղճմտանքս է ինձ վկայում Սուրբ Հոգով, 2 որ մեծ տրտմութիւն է ինձ եւ անհատնում ցաւ՝ իմ սրտին, - 3 որովհետեւ ես ինքս երդումով փափագում էի նզովուել Քրիստոսից իմ ազգակից եղբայրների համար, 4 որ իսրայէլացիներն են. նրանցն է որդեգրութիւնը, փառքը, ուխտերը, օրէնսդրութիւնը, պաշտամունքը եւ խոստումը. 5 նրանցն են նահապետները, նրանցից է նաեւ Քրիստոս՝ ըստ մարմնի. եւ նա՛ է բոլորի վրայ յաւիտեանս օրհնեալ Աստուած: Ամէն: 6 Կարելի չէ, որ Աստծու խօսքը գետնին մնայ. որովհետեւ ոչ բոլոր նրանք, որ Իսրայէլի ցեղից են, իսրայէլացիներ են: 7 Ոչ էլ բոլորը, որ Աբրահամի սերնդից են, որդիներ են. այլ՝ «Իսահակի անունո՛վ քո սերունդը պիտի կոչուի», 8 այսինքն թէ՝ մարմնի որդինե՛րը չեն, որ Աստծու որդիներ են, այլ խոստման որդիներն են համարւում որպէս սերունդ. 9 քանզի այս է խոստումը, որ ասում է, թէ՝ «Այս ժամանակում պիտի գամ, եւ Սառան որդի պիտի ունենայ»: 10 Եւ ոչ միայն այսչափ. այլ նաեւ Ռեբեկան, որ յղացաւ մեր հայր Իսահակից նոյն անկողնում. 11 որովհետեւ, քանի դեռ տղաները չէին ծնուել, եւ քանի դեռ բարի կամ չար բան չէր գործուել (որպէսզի Աստծու ծրագիրը ըստ ընտրութեան հաստատուի 12 ոչ թէ գործերից, այլ՝ նրանից, ով կոչեց), - նրան ասուեց, թէ աւագը կրտսերին պիտի ծառայի. 13 ինչպէս գրուած էլ է, թէ՝ «Յակոբին սիրեցի եւ Եսաւին ատեցի»: 14 Իսկ արդ, ի՞նչ ասենք. միթէ կա՞յ անարդարութիւն Աստծուց: Քա՛ւ լիցի. 15 որովհետեւ ասում է Մովսէսին. «Պիտի ողորմեմ, ում ողորմելու եմ. եւ պիտի գթամ, ում գթալու եմ»: 16 Ուրեմն դա կախում չունի նրանից, ով կամենում է եւ ոչ էլ նրանից, ով ջանում է, այլ՝ Աստծուց, որ ողորմում է.