22 Օգոստոս, Եշ
13 Արդարեւ, Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղաւ ոչ թէ օրէնքի, այլ՝ հաւատի արդարութեան միջոցով. 14 քանի որ, եթէ ժառանգները նրանք են, որ օրէնքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հաւատը եւ դատարկ՝ խոստումը. 15 որովհետեւ օրէնքը բարկութիւն է առաջ բերում. ուր չկայ օրէնք, չկայ եւ օրինազանցութիւն: 16 Ահա թէ ինչու հաւատից է խոստումը, որպէսզի դա ըստ շնորհի լինի եւ որպէսզի խոստումը ի զօրու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրէնքի ուժով է ժառանգ, այլեւ բոլոր նրանց համար, որոնք ունեն հաւատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է. 17 ինչպէս որ գրուած էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»: Նա հայր է Աստծու առաջ, որին հաւատաց, թէ կենդանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյութեան է կոչում: 18 Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը: 19 Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի, - քանի որ հարիւր տարեկանի մօտ էր, - եւ Սառայի մեռած արգանդին: 20 Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, փառք տուեց Աստծուն 21 եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է: 22 Դրա համար այդ նրան որպէս արդարութիւն համարուեց: