22 Օգոստոս, Եշ
2:25 Թլփատութիւնն օգուտ կ՚ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի. 26 ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի: 27 Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ. 28 որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը: 29 Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց:
3:1 Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. 2 շատ բան՝ ամէն տեսակէտներով: Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին: 3 Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց: 4 Քա՛ւ լիցի: Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ «Արդար լինես քո խօսքերում եւ յաղթես, երբ դատում են քեզ»: 5 Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում: 6 Որպէս մարդ եմ խօսում: Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. 7 արդարեւ, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր: 8 Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտութեան:9 Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը: