22 Օգոստոս, Եշ
2 Քանզի գիտենք, որ Աստծու դատաստանը ճշմարտութեամբ է գործադրւում նրանց նկատմամբ, ովքեր այսպիսի բաներ են գործում: 3 Իսկ արդ, ո՛վ մարդ, դու, որ դատում ես նրանց, ովքեր այդպիսի բաներ են գործում, եւ դու էլ նոյնն ես գործում, կարծո՞ւմ ես, թէ ազատուելու ես Աստծու դատաստանից: 4 Եթէ արհամարհում ես նրա բարութեան առատութիւնը եւ ներողամտութիւնն ու համբերութիւնը, չգիտե՞ս, որ Աստծու բարութիւնը քեզ ապաշխարութեան է տանում: 5 Եւ քո խստասրտութեամբ ու անզիղջ սրտով քո անձի դէմ բարկութիւն ես դիզում բարկութեան օրուայ եւ Աստծու արդար դատաստանի յայտնութեան օրուայ համար. 6 Աստծու, որ հատուցում է իւրաքանչիւրին ըստ իր գործերի. 7 յաւիտենական կեանք՝ նրանց, որ բարի գործերի մէջ, իրենց յարատեւ համբերութեամբ, փնտռում են փառք, պատիւ եւ անմահութիւն, 8 իսկ նրանց, որ հակառակողներ են եւ ճշմարտութեան դէմ ապստամբողներ ու անիրաւութեան յետեւից գնացողներ՝ բարկութիւն եւ զայրոյթ, 9 նեղութիւն եւ անձկութիւն՝ ամէն մարդու, որ չարիք է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի, 10 իսկ փառք, պատիւ եւ խաղաղութիւն՝ իւրաքանչիւրին, որ բարին է գործում, նախ՝ հրեայի եւ ապա՝ հեթանոսի. 11 որովհետեւ Աստծու առաջ աչառութիւն չկայ: