22 Օգոստոս, Եշ
1 Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: 2 Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: 3 Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր: 4 Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ(980), որ Յիսուսին նրանց մատնի: 5 Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: 6 Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: 7 Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը: 8 Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: 9 Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: 10 Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի: 11 Եւ կ՚ասէք տանտիրոջը. “Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը”: 12 Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»: 13 Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: 14 Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: 15 Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: 16 Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»: 17 Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. 18 ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»: 19 Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար(981) է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: 20 Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: 21 Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: 22 Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»: 23 Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է: 24 Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի: 25 Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: 26 Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: 27 Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր»: 28 «Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: 29 Եւ ես խոստանում եմ ձեզ, - ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, - 30 որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»: