22 Օգոստոս, Եշ
1 Յիսուս ասաց նաեւ իր աշակերտներին. «Անկարելի է, որ գայթակղութիւն չգայ, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կը գայ: 2 Նրա համար լաւ կը լինէր, եթէ իր պարանոցից երկանաքար վէմ կախուէր, եւ նա ծովը գցուէր, քան թէ այս փոքրիկներից մէկին գայթակղեցնէր: 3 Զգո՛յշ եղէք ձեր անձերի համար»: «Եթէ քո եղբայրը մեղանչի, սաստի՛ր նրան. եւ եթէ զղջայ, ների՛ր նրան: 4 Եւ եթէ եօթն անգամ մեղանչի քո դէմ եւ եօթն անգամ դառնայ քեզ եւ ասի՝ զղջում եմ, ների՛ր նրան»: 5 Եւ առաքեալները Տիրոջն ասացին. «Աւելացրո՛ւ մեր հաւատը»: 6 Եւ Տէրն ասաց. «Եթէ մանանեխի հատիկի չափ հաւատ ունենաք եւ այս թթենուն ասէ՛ք՝ “Արմատախի՛լ եղիր եւ տնկուի՛ր ծովի մէջ”, նա՛ իսկ կը հնազանդուի ձեզ»: 7 «Իսկ ձեզնից ո՞վ, որ հողագործ կամ հովիւ ծառայ ունի, երբ սա ագարակից տուն մտնի, նրան կ՚ասի իսկոյն՝ “Անցի՛ր սեղան նստիր”. 8 այլ նրան չի՞ ասի՝ “Պատրաստի՛ր, ինչ ընթրելու եմ, եւ գօտի կապած՝ ծառայի՛ր ինձ, մինչեւ որ ուտեմ եւ խմեմ, եւ ապա կ՚ուտես եւ կը խմես դու”: 9 Միթէ տէրը շնորհապա՞րտ կը լինի այդ ծառային, որ իր բոլոր հրամանները կատարեց: 10 Նոյնպէս եւ դուք, երբ կատարէք այն բոլորը, որ ձեզ հրամայուած է, ասացէք, թէ՝ “Անպիտան ծառաներ ենք. ինչ որ պարտաւոր էինք անել, ա՛յն արեցինք”»: 11 Եւ մինչ նա դէպի Երուսաղէմ էր գնում, անցնում էր Սամարիայի եւ Գալիլիայի միջով: 12 Եւ երբ մի գիւղ էր մտնում, նրան հանդիպեցին տասը բորոտներ, որոնք հեռու կանգնեցին, 13 բարձրացրին իրենց ձայնը եւ ասացին. «Յիսո՛ւս վարդապետ, ողորմի՛ր մեզ»: 14 Եւ երբ նրանց տեսաւ, ասաց նրանց. «Գնացէ՛ք դուք ձեզ քահանաներին ցոյց տուէք»: Երբ գնում էին, նոյն ժամին մաքրուեցին: 15 Նրանցից մէկը, երբ տեսաւ, թէ բժշկուեց, վերադարձաւ եւ բարձր ձայնով փառաւորում էր Աստծուն. 16 երեսի վրայ ընկաւ Յիսուսի ոտքերի առաջ եւ շնորհակալութիւն էր յայտնում նրան. եւ ինքը սամարացի էր: 17 Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Սրանք տասն էլ չմաքրուեցի՞ն. իսկ արդ, իննը ո՞ւր են, 18 որ չվերադարձան՝ փառք տալու համար Աստծուն, բացի միայն այս օտարազգի մարդուց»: 19 Եւ ասաց նրան. «Վե՛ր կաց գնա, որովհետեւ քո հաւատը քեզ փրկեց»: