22 Օգոստոս, Եշ
15:30 Եւ նրանք մեկնելով՝ ճանապարհ դրուեցին եւ Անտիոք իջան ու ժողովրդին հաւաքելով՝ նամակը տուեցին: 31 Եւ նրանք ընթերցելով՝ այդ մխիթարութեան համար ուրախացան: 32 Յուդան եւ Շիղան, քանի որ նրանք էլ մարգարէներ էին, բազում խօսքերով յորդորեցին եղբայրներին եւ ամրապնդեցին նրանց: 33 Եւ միառժամանակ այնտեղ մնալով՝ եղբայրների կողմից խաղաղութեամբ յետ ուղարկուեցին առաքեալների մօտ: 34 Սակայն Շիղային հաճելի թուաց այնտեղ մնալ: 35 Իսկ Պօղոսն ու Բառնաբասը շրջում էին Անտիոքում եւ շատ ուրիշների հետ ուսուցանում ու աւետարանում էին Աստծու խօսքը: 36 Իսկ մի քանի օր յետոյ Պօղոսը Բառնաբասին ասաց. «Վերադառնանք եւ շրջենք եղբայրների մէջ բոլոր այն քաղաքներում, որտեղ քարոզեցինք Տիրոջ խօսքը՝ տեսնելու, թէ ինչ վիճակում են»: 37 Բառնաբասն ուզում էր Մարկոս կոչուած Յովհաննէսին էլ հետը տանել, 38 բայց Պօղոսը չէր ուզում, որ Պամփիւլիայում իրենցից հեռացած եւ գործի համար իրենց հետ չեկած մէկին իրենց հետ տանեն: 39 Եւ նրանց մէջ գժտութիւն առաջացաւ, այնքան, որ իրարից բաժանուեցին. Բառնաբասը Մարկոսին վերցնելով՝ նաւարկեց դէպի Կիպրոս: 40 Իսկ Պօղոսը Շիղային ընտրելով՝ ճանապարհ ընկաւ՝ եղբայրների կողմից յանձնուելով Աստծու շնորհին. 41 եւ շրջում էր Ասորիքի եւ Կիլիկիայի կողմերում ու ամրապնդում էր եկեղեցիները:
16:1 Պօղոսը եկաւ հասաւ Դերբէ եւ Լիւստրա: Եւ այնտեղ Տիմոթէոս անունով մի աշակերտ կար, հաւատացեալ հրեայ կնոջ եւ հեթանոս հօր որդի, 2 որը վկայուած էր լիւստրացի եւ իկոնիացի եղբայրների կողմից: 3 Պօղոսն ուզեց նրան իր հետ տանել ու վերցրեց թլփատեց նրան՝ այդ տեղերում գտնուող հրեաների պատճառով, քանի որ բոլորը գիտէին, թէ նրա հայրը հեթանոս էր: 4 Երբ անցնում էին քաղաքներով, նրանց յանձնարարում էին պահել Երուսաղէմում գտնուող առաքեալների եւ երէցների կողմից պատուիրուած հրամանները: 5 Այսպէս, եկեղեցիները ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր: