22 Օգոստոս, Եշ
1 Այսպէս էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղէք ձեր մարդկանց, որպէսզի, եթէ նրանցից ոմանք չհնազանդուեն Խօսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիւ եւ առանց խօսքի իսկ շահուած լինեն՝ 2 նկատի ունենալով ձեր պարկեշտ ընթացքը՝ լի երկիւղածութեամբ: 3 Թող ձեր արտաքի՛նը զարդարուած չլինի հիւսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով, 4 այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ եւ հանդարտ հոգու անեղծութեամբ, ինչ որ շատ աւելի արժէք է ներկայացնում Աստծու առաջ. 5 մի ժամանակ այսպէ՛ս էին իրենք իրենց զարդարում Աստծու վրայ յոյս դրած կանայք, որոնք հնազանդւում էին իրենց մարդկանց. 6 այդպէս էր Սառան, որը հնազանդ էր Աբրահամին եւ նրան իր տէրն էր կոչում. եւ դուք նրա զաւակները եղաք. նրանք բարեգործ էին եւ չէին սարսափում եւ ո՛չ մի բանից: 7 Նոյնպէս եւ տղամարդիկ թող իմաստութեամբ ապրեն իրենց կանանց հետ, յարգեն նրանց, իբրեւ դիւրաբեկ անօթի, իբրեւ կեանքի շնորհի ժառանգակիցների, որպէսզի ձեր աղօթքներին արգելք եղող բաներ չլինեն: 8 Եւ, ամենագլխաւորը, եղէ՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասէր, ազնուագութ, խոնարհ. 9 չարի փոխարէն չար մի՛ հատուցէ՛ք, կամ նախատինքի փոխարէն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցէ՛ք, որովհետեւ այդ բանին իսկ կոչուեցիք, որպէսզի ժառանգէք օրհնութիւնը.