22 Օգոստոս, Եշ
32 Եւ պատահեց, որ Պետրոսը, բոլորի մէջ շրջելիս, իջաւ նաեւ այն սրբերի մօտ, որոնք բնակւում էին Լիւդդայում: 33 Եւ այնտեղ գտաւ մի մարդու, որի անունը Ենեա էր, եւ որը ութ տարուց ի վեր անդամալոյծ լինելով՝ մահճի մէջ պառկած էր: 34 Պետրոսը նրան ասաց. «Ենեա՛, Տէր Յիսուս Քրիստոսը քեզ բժշկում է, վե՛ր կաց եւ յարդարի՛ր քո անկողինը»: Եւ նա իսկոյն վեր կացաւ: 35 Եւ բոլոր նրանք, որ Լիւդդայում եւ Սարոնայում էին ապրում, տեսան նրան եւ իրենք էլ դէպի Տէրը դարձան: 36 Եւ Յոպպէում աշակերտ եղած մի կին կար՝ Տաբիթա անունով, որ թարգմանաբար կոչւում է Այծեմնիկ. սրա կեանքը լի էր բարի գործերով եւ ողորմութիւններով, որ նա կատարում էր: 37 Պատահեց, որ այն օրերին նա հիւանդացաւ ու մեռաւ. նրան լողացրին եւ դրեցին վերնատունը: 38 Եւ Լիւդդան Յոպպէին մօտիկ էր. երբ աշակերտները լսեցին, թէ Պետրոսը այնտեղ է, երկու մարդ ուղարկեցին նրա մօտ՝ աղաչելու, որ անյապաղ իրենց մօտ գայ: 39 Եւ Պետրոսը վեր կացաւ ու եկաւ նրանց հետ: Երբ հասաւ, նրան վերնատուն բարձրացրին: Ու բոլոր այրիները շրջապատեցին նրան. լալիս էին եւ ցոյց տալիս, թէ որքան հագուստներ եւ զգեստներ էր կարել տուել Այծեմնիկը իրենց համար: 40 Պետրոսը բոլորին դուրս հանելով՝ ծնրադրեց, աղօթք արեց եւ, դառնալով մարմնին, ասաց. «Տաբիթա՛, յանուն Տէր Յիսուս Քրիստոսի վե՛ր կաց կանգնիր»: Եւ նա բացեց իր աչքերը ու Պետրոսին տեսնելով՝ ուղիղ նստեց: 41 Պետրոսը ձեռքը մեկնեց նրան ու վեր կացրեց: Կանչեց սրբերին ու այրիներին. եւ նրանց առաջ կենդանի կանգնեցրեց նրան: 42 Եւ ամբողջ Յոպպէում այս յայտնի դարձաւ, եւ շատերը հաւատացին Տիրոջը: 43 Պետրոսը շատ օրեր մնաց Յոպպէում՝ կաշեգործ ոմն Սիմոնի մօտ: