22 Օգոստոս, Եշ
1 Յոբը նորից խօսեց ու ասաց. 2 «Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու615: 3 Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ: 4 Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի: 5 Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած: 6 Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի: Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան: 7 Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազանին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ. 8 ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ: 9 Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ: 10 Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի: 11 Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր: 12 Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ: 13 Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար: 14 Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն: 15 Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը: 16 Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն: 17 Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, 18 գահերին է նստեցնում արքաներին եւ գօտի կապում նրանց մէջքին: 19 Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին: 20 Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում: 21 Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա: 22 Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի: 23 Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում: 24 Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն: 25 Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն:
13:1 Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս: 2 Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից: 3 Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար: 4 Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն: 5 Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան: 6 Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք: