22 Օգոստոս, Եշ
21 Քաջալերուի՛ր, երկի՛ր, ցնծա՛ եւ ուրախացի՛ր, որովհետեւ Տէրը մեծ գործեր կատարեց քեզ հետ: 22 Քաջալերուի՛ր, վայրի՛ կենդանի, որովհետեւ անապատի դաշտերը դալարեցին, որովհետեւ ծառը տուեց իր պտուղը, որթատունկն ու թզենին տուեցին իրենց բերքը: 23 Սիոնի՛ որդիներ, ցնծացէ՛ք եւ ուրախացէ՛ք ձեր Տէր Աստուծով, քանի որ Տէրը արդար կերակուր տուեց ձեզ եւ ձեզ համար կը տեղացնի գարնան առաջին եւ աշնան վերջին անձրեւը՝ ինչպէս առաջ: 24 Կը լցուեն ցորենի կալերը, եւ կը յորդեն գինու եւ իւղի հնձանները: 25 Եւ այն տարիների դիմաց, ինչ որ մորեխը, ջորեակն ու թրթուրը կերան, կը հատուցեմ ձեզ իմ մեծ զօրքով, որ ուղարկեցի ձեզ վրայ: 26 առատօրէն կ՚ուտէք, կը յագենաք եւ կ՚օրհնէք ձեր Տէր Աստծու անունը, որ հրաշքներ գործեց ձեզ համար, եւ այլեւս իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 27 Եւ կը լինի այնպէս, որ սրանից յետոյ իմ Հոգուց կը հեղեմ ամէն մարմնի վրայ, կը մարգարէանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ կը տեսնեն, եւ ձեր երիտասարդները տեսիլքներ կ՚ունենան: 28 Եւ կ՚իմանաք, որ Իսրայէլի մէջ եմ ես, որ ես եմ ձեր Տէր Աստուածը, ու չկայ ոչ ոք ինձնից բացի, եւ իմ ժողովուրդը չի ամաչի յաւիտեան: 29 Այն օրերին իմ Հոգուց կը հեղեմ իմ ծառաների վրայ, իմ աղախինների վրայ, որոնք կը մարգարէանան: 30 Հրաշքներ ցոյց կը տամ երկնքում եւ երկրի վրայ՝ արիւն, հուր եւ ծխի մրրիկ. արեգակը կը խաւարի, եւ լուսինը արիւն կը դառնայ, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երեւելի օրը»: 31 Այո՛, կը լինի այնպէս, որ, ով որ կանչի Տիրոջ անունը՝ կ՚ապրի: Սիոն լերան վրայ եւ Երուսաղէմում փրկութիւն կը լինի, Տէրը կը կանչի իր մօտ, ինչպէս որ ասաց եւ ծանուցեց: