22 Օգոստոս, Եշ
1 Փո՛ղ զարկէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լերան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, 2 քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կը տարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ: 3 Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից: 4 Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կ՚արշաւեն որպէս հեծեալներ. 5 որպէս կառքերի դղրդիւն կ՚ասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք: 6 Նրանց առաջ ազգեր կը խորտակուեն, եւ բոլոր դէմքերը կը դառնան ինչպէս սեւացած պուտուկ: 7 Նրանք կը յարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կը բարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կը գնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից, 8 Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կը գնան եւ իրենց նետերի վրայ կ՚ընկնեն եւ չեն մեռնի: 9 Կը խուժեն քաղաք, կը քայլեն պարիսպների վրայ, կը մագլցեն տները եւ գողերի նման ներս կը մտնեն պատուհաններից: 10 Նրանց առաջ երկիրը կը խռովուի, երկինքը կը ցնցուի, արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը: 11 Եւ Տէրն իր ձայնը կը բարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան: