22 Օգոստոս, Եշ
8 Եւ վերջապէս, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարտութեամբ է, ինչ որ՝ պարկեշտութեամբ, ինչ որ՝ արդարութեամբ, ինչ որ՝ սրբութեամբ, ինչ որ՝ սիրով, ինչ որ՝ բարի համբաւով, ինչ որ՝ առաքինութեամբ, ինչ որ՝ գովութեամբ, - ա՛յն խորհեցէք: 9 Ինչ որ ուսանեցիք, ընդունեցիք, լսեցիք եւ տեսաք իմ մէջ, ա՛յն արէք: Եւ խաղաղութեան Աստուածը թող լինի ձեզ հետ: 10 Ես չափազանց ուրախ եղայ Տիրոջով, որ դուք էլ էք մտածել հոգ տանել իմ մասին, ինչպէս արդէն հոգում էիք ինձ համար, բայց առիթ չէիք ունենում: 11 Կարիքի մէջ լինելու համար չէ, որ ասում եմ այս բանը, քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից: 12 Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատութեան մէջ լինել: Ամէն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թէ՛ կուշտ լինել, թէ՛ քաղցած մնալ, թէ՛ առատութեան մէջ լինել, թէ՛ զրկանք կրել: 13 Ամէն ինչի կարող եմ նրա՛ շնորհիւ, ով ինձ զօրացրեց: 14 Բայց դուք լաւ արեցիք, որ օգնեցիք ինձ նեղութեանս մէջ: 15 Դուք էլ գիտէք, փիլիպեցինե՛ր, որ Աւետարանի քարոզութեան սկզբում, երբ ես ելայ Մակեդոնիայից, ո՛չ մի եկեղեցի տալու եւ առնելու հարցում չօգնեց ինձ, բացի ձեզնից, 16 որ մէկ-երկու անգամ իմ կարիքների համար օգնութիւն ուղարկեցիք Թեսաղոնիկէ: 17 Ոչ թէ նուէրներ եմ փնտռում, այլ փնտռում եմ այն պտուղը, որ աւելանալու է ձեր հաշուին: 18 Իսկ ես ամէն ինչ առել եմ եւ առատութեան մէջ եմ. լիացած եմ Եպափրոդիտոսի միջոցով ձեզնից ստացածս նուէրով, որ անուշահոտութիւն է, ընդունելի պատարագ՝ Աստծուն հաճելի: 19 Եւ իմ Աստուածը կը լցնի ձեր կարիքները իր հարստութեան չափով, փառքով, Քրիստոս Յիսուսի միջոցով: 20 Արդ, Աստծուն եւ մեր Հօրը փառք յաւիտեանս յաւիտենից: Ամէն: ՎԵՐՋԻՆ ՈՂՋՈՅՆՆԵՐ 21 Ողջունեցէ՛ք բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս: 22 Ողջունում են ձեզ այն եղբայրները, որ ինձ հետ են: 23 Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, մանաւանդ նրանք, որ Կայսրի տնից են: 24 Տէր Յիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի: Ամէն: