22 Օգոստոս, Եշ
Դեկտեմբերի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ծխական խորհուրդը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, տարեվերջյան ժողովով ամփոփեց տարվա իր գործունեությունը: Այն սկսվեց Տերունական աղոթքով: Մինչ տարվա հաշվետու զեկույցին անցնելը, Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց ծխական խորհրդի անդամներին՝ համայնքային կյանքից ներս ակտիվ գործունեություն ծավալելու և իրականացվող ծրագրերին աջակցելու համար:
Տեր Գրիգորն ուրախությամբ արձանագրեց, որ 2017 թ-ը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, արդյունավետ տարի էր համայնքի համար. տարեսկզբին համայնքի աջակցությամբ եկեղեցին ջեռուցման համակարգ ունեցավ: Այնուհետև կրկին համայնքի աջակցությամբ սկսվեցին շինարարական աշխատանքները. կառուցվեց հարավ-արևելյան պարիսպը, տեղադրվեցին եկեղեցու հարավային և հարավ-արևելյան պարիսպների ճաղաշարերը, այգում՝ երկաթե հիմքով և տրավերտինե մակերեսով երկու սեղան և չորս նստարաններ, բարեկարգվեց եկեղեցու արևելյան այգին: Տարվա ընթացքում եկեղեցուն է նվիրաբերվել երեք մեծ և երեք փոքր արծաթե կանթեղներ, երեք զանգեր: Տեր Հայրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կարևորագույն ձեռքբերումը համարեց Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչը, որը եկեղեցուն է նվիրաբերել արտերկրում բնակվող Գեղամ Ղուկասյանը:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սոցիալական ծրագրերի առնչությամբ նշվեց, որ համայնքի և արտերկրում բնակվող հավատավոր հայորդիների աջակցությամբ հարյուր երեսուն կարիքավոր ընտանիքների տրամադրվել է դրամական օգնություն, սննդի փաթեթներ և հիգիենիկ պարագաներ:
Անդրադառնալով քարոզչությանը՝ Տեր Հայրը նշեց, որ եկեղեցում շաբաթվա ընթացքում յոթ անգամ քարոզխոսություն է լինում՝ չորս օր եկեղեցում, ամեն ուրբաթ օր սիրիահայ համայնքի համար, «Զորավոր» երիտասարդաց միությունն ամեն հինգշաբթի մասնակցում է քրիստոնեական դասընթացների և Աստվածաշնչի սերտողության, իսկ շաբաթ օրը՝ խոկման արարողության, գործում է կիրակնօրյա դպրոց: Համայնքը տարվա ընթացքում մասնակցել է տասնմեկ ուխտագնացությունների, տպագրվել է Ս. Ներսես Շնորհալու «Հաւատով խոստովանիմ» աղոթագիրքը:
Ապա քննարկվեցին գալիք տարվա ծրագրերը, որոնց համաձայն, նախատեսվում է մոմավաճառության նոր սրահ, Ս. Մովսես Տաթևացի հայրապետի անունով Սուրբ Սեղան և գավազան-հուշարձան կառուցել, եկեղեցու երկու սրբանկարների և մեկ որմնանկարի ռեստավրացիա կատարել: Նախատեսվում է տպագրության հանձնել «Սուրբ Անանիա առաքյալի անապատը կամ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին» գիրքը, «Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցին» և «Սուրբ Անանիա առաքյալի մատուռ-դամբարանը» նկարազարդ գրքույկները, Պողոս եպս. Ադրիանուպոլսեցու «Զանազանութիւն հինգ դարուց» գրքի առաջին հատորը, մեկ աղոթագիրք և մեկ քարոզգիրք:
Այնուհետև Տեր Գրիգորը, ծխական խորհրդի անդամների համաձայնությամբ, ծխական խորհրդի ատենապետ վերընտրեց Գագիկ Ավետիսյանին, վերընտրվեցին ծխական խորհրդի մյուս անդամները, և ընտրվեց նոր անդամ՝ Ռազմիկ Քարտաշյանը: Տեր Հայրը ծխական խորհրդի անդամներին ներկայացրեց նաև 2018 թ-ի խաչքավորին՝ Արամ Ֆրանկյանին:
Ծխական խորհրդի տարեվերջյան ամփոփիչ ժողովն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով:
Կարինե Սուգիկյան