22 Օգոստոս, Եշ
Դեկտեմբերի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու կից սրահում, կիրակնօրյա դպրոցի սաները, մանկավարժ Սիրանուշ Գումրույանի գլխավորությամբ, տարեվերջյան դասը վերածել էին ամանորյա տոնախմբության: Տոնական խանդավառություն էր տիրում. ուրախ անակնկալները հաջորդում էին մեկը մյուսին: Երեխաները «Զանգակներ» երգն էին երգում, պարում էին, հետաքրքրաշարժ խաղերի մասնակցում: Նրանք քաջատեղյակ էին, թե ինչ խորհուրդներ ունեն տոնածառը, աստղը, ամանորյա նվերները, ով է իրենց սիրելի Ձմեռ պապը: Սիրանուշ Գումրույանը նշեց, որ երեխաները, բացի Ամանորից, մեծ ուրախությամբ սպասում են նաև Ս. Ծննդյան տոնին: «Ուրախալի է տեսնել, թե երեխաները ինչ նախանձախնդրությամբ են պատրաստվում Ս. Ծննդյան տոնին: Տոնի խորհրդին ծանոթանալով՝ նրանք ցանկություն են հայտնել Փրկչի Ծննդյան օրը լիարժեք նշել՝ մասնակցելով Ս. Ծննդյան տոնական Պատարագին»,- ասաց մանկավարժը: Կիրակնօրյա դպրոցի սաները տարեվերջյան իրենց դասն ավարտեցին տոնական խանդավառությամբ: Մանկավարժ Սիրանուշ Գումրույանը երեխաներին հանձնեց ամանորյա նվերներ:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս թե՛ հոգևոր դասի, թե՛ մանկավարժի և թե՛ ծնողների համար սուրբ պարտականություն է, որ երեխաները քրիստոնեական ոգով դաստիարակվեն, կրթվեն՝ որպես երկրի և երկնքի իրական քաղաքացիներ, քանի որ երեխայի բարի դաստիարակության իրական հիմքը Աստծո երկյուղն է, որն էլ, ըստ Սբ. Գրքի, իմաստության սկիզբն է (Առակներ 1:7):
Կարինե Սուգիկյան