22 Օգոստոս, Եշ
Հոկտեմբերի 14-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր արանց» միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, մեկնեց երկօրյա ուխտագնացության Տաթևի վանական համալիր: Վաղ առավոտյան ուխտավորները Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, միասնական աղոթքի կանգնեցին, ապա Տեր Հոր օրհնությունն ստանալուց հետո շարժվեցին դեպի սրբավայր: Մի քանի ժամ տևող հոգևոր ճամփորդությունն ուխտավորներն իմաստավորեցին աղոթքով և հոգեշահ զրույցներով: «Զորավոր արանց» միությունն ուղևորվեց մի սրբավայր, որ եղել է Հայաստանի ոչ միայն հզոր հոգևոր կենտրոններից մեկը, այլ միաժամանակ հանդիսացել է մշակութային, կրթական, ռազմական և գիտական կենտրոն: Այստեղ է գործել նաև միջնադարյան Հայաստանի լավագույն համալսարաններից մեկը: 9-10-րդ դարերում կառուցված վանական համալիրն իր կազմում ներառում է սբ. Պողոս-Պետրոս և սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիները, սբ. Աստվածածին մատուռ-եկեղեցին, սբ. Գրիգոր Տաթևացու դամբարանը, գավազան-սյուն հուշարձանը, մատենադարանը, սեղանատունը: Տաթևի վանական համալիրն իր հարուստ պատմությամբ և եռամեծ վարդապետի շիրիմով հայ քրիստոնյայի համար դարձել է հավատի կենդանի խորհրդանիշ:
Հասնելով սրբավայր՝ ուխտավորները փառաբանեցին Տիրոջը, Ում ողորմածությամբ իրենք արժանի եղան աղոթքի կանգնելու հնամենի վանքի սուրբ կամարներից ներս և իրենց խոնարհումը բերելու սբ. Գրիգոր Տաթևացու շիրիմին՝ խնդրելով սրբի բարեխոսությունը Հայոց ազգի, Հայ եկեղեցու և Հայոց բանակի համար: Երեկոյան ժամերգության ավարտին Տաթևի վանահայր Միքայել վարդապետ Գևորգյանը հոգևոր զրույց ունեցավ «Զորավոր արանց» միության հետ: Իսկ հաջորդ օրն առավոտյան ուխտավորները մասնակից եղան Գիշերային, Առավոտյան և Արևագալի ժամերգություններին, ապա՝ Սուրբ Պատարագին: Այնուհետև սիրո ճաշին մասնակից լինելուց հետո ուխտավորները վերադարձան Երևան:
Տաթևի վանական համալիրում անցկացրած օրերը «Զորավոր արանց» միության համար աղոթքի, խոկման և ներհայեցողության օրեր էին, որ նաև հնարավորություն տվեց իրենց՝ հաղորդակից լինելու Հայոց հոգևոր ժառանգության զորությանը:
Ուխտի ճանապարհներն ուխտավորներին անպարտելի զենք են շնորհում՝ Պողոս պատրիարքի խոսքի համաձայն.«Աղոթքն անպարտելի զենք է դևերի դեմ պատերազմում, և քանզի դևերը գիտեն, թե աղոթքով պարտվում են մարդկանցից, այդ իսկ պատճառով առավելապես ջանում են խափանել կամ անպտուղ դարձնել մարդկանց աղոթքը: Ուստի, ով աղոթելիս ինչ-ինչ ձանձրույթ և նեղություն է զգում, թող գիտենա՝ այն դևերի որոգայթն է, և ոչ մի դեպքում չթուլանա աղոթելուց, այլ առավել ջանք անելով՝ զորանա՝ օգնություն հայցելով Տիրոջից: Եվ Աստված, որ մերձ է նրանց, ովքեր փշրված սրտով են աղոթում Իրեն, անմիջապես օգնության կհասնի, իսկ դևերն իսկույն կհալածվեն ու կչքվեն»:
Կարինե Սուգիկյան