22 Օգոստոս, Եշ
Սկյութիայում ոմն հայր Ապոլոնի մասին ասում էին, թե նախկինում գազանաբարո հովիվ էր եղել. տեսնելով ամայի վայրում մի հղի կնոջ` սատանայից դրդված ասել էր. «Կամենում եմ տեսնել, թե ինչպես է պտուղը բնակվում նրա որովայնում»: Պատռել էր կնոջ որովայնը, տեսել մանկանը, հետո զղջալով եկել էր Սկյութիա և հայրերին պատմել, թե ինչ ոճիր է գործել: Եվ լսելով, թե ինչպես են սաղմոսում և ասում. «Մեր կյանքի տարիների թիվը յոթանասուն է, առավելը` ութսուն, այն էլ` ցավերով ու հեծությամբ» (Սաղմ. ՁԹ 10), ասաց նրանց. «Ահա քառասուն տարեկան եմ և մի ժամ անգամ աղոթքի չեմ կանգնել, եթե սրանից հետո ապրեմ ևս քառասուն տարի, չեմ դադարի Աստծուն աղաչել, որ թողություն տա իմ մեղքերին»: Քանի որ ձեռագործ անել չգիտեր, հանապազ աղոթքի էր կանգնում և ասում. «Տե՛ր, Տե՛ր, իբրև մարդ մեղանչեցի Քո առաջ, իբրև Աստված թողությո՛ւն տուր իմ մեղքերին»: Եվ նա օր ու գիշեր աղոթքների ու խոկման մեջ էր: Ոմն եղբայր, որ նրա մոտ էր բնակվում, լսում էր, թե նա ինչպես էր ասում. «Ձանձրացրի քեզ, Տե՛ր, թողությո՛ւն շնորհիր ինձ, որ գեթ փոքրինչ հանգստանամ»: Եվ կատարվեց նրա կամքը, որովհետև Աստված ներեց նրա բոլոր մեղքերը, ինչպես նաև` կնոջ մահը, բայց մանկան առնչությամբ նրա կամքը չկատարվեց: Ծերերից մեկը նրան ասաց. «Մանկան մեղքն էլ քեզ ներեց Աստված, սակայն Իր կամքով թողեց քեզ տքնության մեջ, քանզի դա օգտակար է քո հոգուն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016