22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու ծխական խորհրդի անդամ, բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Սոնա Աբելյանի հետ
Առաջին ընտանիքը կազմավորվել է դրախտում: Աստծո օրհնությունն ուղղված առաջին ընտանիքին առանց պլանների էր. «Աճեցե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը»: Ի հակառակ այս ամենի՝ քրիստոնյա աշխարհում գործում է «Պլանավորված ընտանիք» ասվածը: Որքանո՞վ է այն գործում մեզ մոտ՝ Հայաստանում:
Ընտանիքի պլանավորումը դա հղիության պլանավորումն է և առողջ երեխայի ծնվելը: Մինչև հղիություն ցանկալի է, որ կինը, ամուսնական զույգը հետազոտվի գինեկոլոգի, անհրաժեշտության դեպքում նաև նեղ մասնագետների մոտ, որպեսզի հետագա հղիությունն ընթանա առանց բարդությունների և ավարտվի առողջ երեխայի ծնունդով:
Ինձ համար պլանավորումը ոչ մի դեպքում ծնելիության իջեցում չի: Ամուսնական զույգը պլանավորում է, որոշում, թե որքան ժամանակից են պլանավորելու հաջորդ հղիությունը՝ ելնելով սոցիալական վիճակից, երեխայի տարիքից և այլն: Իսկ գինեկոլոգը այդ դեպքում միայն օգնում է խուսափել հղիության արհեստական ընդհատումից և չի կրճատում ծննդաբերությունների քանակը:
Ո՞րն է Ձեր խորհուրդն այն կանանց, ովքեր ցանկանում են հղիությունն ընդհատել:
Ես կտրականապես դեմ եմ հղիության արհեստական ընդհատմանը, բացառելով այն դեպքերը, երբ ծանր սոմատիկ հիվանդությունների ժամանակ հղիությունն ու ծննդաբերությունը մոր կյանքին են վտանգ սպառնում: Ես շատ երջանիկ էի, երբ մի կնոջ, ով արդեն երկու արու զավակ ուներ, համոզեցի հղիությունը չընդհատել և պարզվեց, որ նա հղի է զույգ պտուղներով և հետագայում երկու առողջ, գեղեցիկ ու հիասքանչ աղջիկներ ունեցավ:
Բայց կան նաև կանայք, որոնց հղիության ընդհատման որոշումից հետ չի պահում ոչ մի փաստարկ և ոչ մի բացատրություն: Այդ կանայք, հատկապես՝ չծննդաբերածները, պետք է իմանան, որ հղիության յուրաքանչյուր ընդհատում ոչ միայն չծնված երեխայի սպանություն է, այլև անպտղության առաջացման պատճառ:
Ամեն մի հղիություն աստվածային պարգև է և հրաշք: Ձեր աշխատանքային պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, որ բժշկական տեսանկյունից անհնարինը դարձել է հնարավոր:
Անպտղությունը բժշկության հանելուկային խնդիրներից մեկն է, որովհետև բացի կոնկրետ պատճառներից, կա անհայտ ծագման անպտղություն, երբ առողջ ամուսնական զույգը չի կարողանում երեխա ունենալ:
Կան շատ դեպքեր, երբ երեխա որդեգրելուց հետո, երկար տարիների անպտղություն ունեցող կանայք, հղիանում են: Հայտնի են դեպքեր, երբ հղիություն է առաջանում սրբավայրեր այցելելուց, քահանաների աղոթքներից հետո: Գլխավորը հավատն է, պետք է չդադարել հավատալ, աղոթել, մասնակցել Սուրբ Պատարագներին, այցելել սրբավայրեր: Մեր իրականությունում բնակչության վերարտադրողական առողջությունը վատացել է աղտոտված շրջակա միջավայրի, սննդային կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործման հետևանքով:
2012թ-ին մեր կենտրոն էր դիմել հղի մի կին Գյումրիից՝ ծանր սրտային պաթոլոգիայով: Հրավիրվեց բժիշկների ընդլայնված կոնսիլիում և որոշվեց, որ տվյալ հղիությունը և հետագայում նաև ծննդաբերությունը կտրականապես արգելվում է, քանի որ կյանքի հետ անհամատեղելի ախտանիշ է: Չնայած բոլոր բացատրություններին, հորդորներին, նաև որոշակի «սպառնալիքներին», հղին և հարազատները կտրականապես հրաժարվեցին հղիության ընդհատումից՝ ապավինելով Աստծո զորությանը: Եվ փառք Աստծո, մանկաբարձների և սրտաբանների համատեղ ջանքերով հղին ծննդալուծվեց և ծնվեց կենդանի, առողջ երեխա:
Յուրաքանչյուր մասնագիտություն իր մեջ կրում է կարևոր մի կոչում: Ըստ Ձեր հայացքի՝ բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտության մեջ ո՞րն է ամենակարևորը:
Մանկաբարձությունը բժշկական մյուս դիսցիպլինաներից տարբերվում է որոշակի առանձնահատկություններով. միաժամանակ բժշկական օգնություն է ցույց տրվում մորը և պտղին: Հղիությունը և ծննդաբերությունը ֆիզիոլոգիական պրոցեսներ են, որոնք ընթանում են երիտասարդ, առողջ օրգանիզմում: Երեխայի ծնունդն ուրախալի և երջանիկ իրադարձություն է ընտանիքում: Եվ բնական է, որ այս դեպքում, ցանկացած բարդություն ողբերգություն, դժբախտություն է: Ուստի հղիության և ծննդաբերության բնականոն, լիարժեք ընթացքի ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի համար մեծ պատասխանատվություն է, վերջինիցս պահանջվում է առանձնահատուկ մարդկային հատկանիշներ, հիմնավոր գիտելիքներ, հղիի, ծննդկանի և հարազատների հետ շփման հոգեբանորեն ճիշտ մոտեցումներ:
Ի՞նչ կմաղթեք հայ կանանց:
Թող յուրաքանչյուր հայ կին վայելի մայրության բերկրանքը, թող ամեն հայ օջախում հնչի մանկան ճիչը՝ որպես նոր կյանքի, երջանկության ազդականչ: Թող երիտասարդ հայ ամուսինները շատ զավակներ ունենան, որովհետև ամեն երեխայի հետ բացվում է նոր հաջողության դուռը:
Կարինե Սուգիկյան