22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Զգոն քահանա Աբրահամյանի հետ
Տասը տարի առաջ՝ սեպտեմբերի 18-ին, քահանայական ձեռնադրությամբ սրբալույս մյուռոնի օծմամբ արժանացաք քահանայագործման նվիրական ծառայությանը՝ հանձն առնելով մարդու մեջ աստվածակերտ պատկերը լուսավորելու և դեպի Աստված ուղղորդելու կարևոր առաքելությունը: Շնորհավորում ենք Ձեզ, Տեր Հայր, աստվածադիր քահանայության այդ ուղին ջանադրորեն ստանձնելու կապակցությամբ: Թող Աստված ամուր և հաստատուն պահի Ձեզ՝ Քրիստոսի պատվելի խաչի ծանրությունը կրելու Ձեր ծառայական նվիրագործման մեջ:
Ինչպե՞ս պատահեց, որ «Ֆինանսներ և վարկավորում» մասնագիտության որակավորումը ստացած 30-ամյա երիտասարդը 2003 թ-ին իր քայլերն ուղղեց դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ ուսանելու քահանայից պատրաստման լսարանում:
Զարմանք ապրելով իմ կայացրած որոշումից՝ այս հարցն ինձ հաճախ են տվել թե՛ իմ ազգականները, թե՛ ընկերներս և թե՛ բազմաթիվ այլ անձինք: Մանկությունս անցկացնելով Խորհրդային Միության աթեիստական քարոզչական մեքենայի ներքո՝ այնուամենայնիվ, կրել և պահպանել եմ իմ մեջ աստվածադիր հավատքը: Անգամ մանուկ տարիքում նկատում էի Աստծո նախախնամության ներգործությունը շրջապատող մարդկանց կյանքում: Սիրելով տնտեսագետի մասնագիտությունը՝ սովորել և աշխատել եմ իմ մասնագիտությամբ: Սակայն, Տիրոջ նախախնամությամբ ստեղծվեց մի իրավիճակ, որն իմ առջև նոր ուղի հարթեց: Ես գոհություն եմ հայտնում Աստծուն իմ կյանքում նման բարենորոգ փոփոխության համար:
Քահանայական ձեռնադրմամբ արժանացաք աստվածատուր պարգևների՝ անվանակոչվելով Տեր Զգոն: Ի՞նչ խորհուրդ ունի Ձեզ համար Զգոն անունը և արդյոք քահանայագործության այս տարիներին այն էական փոփոխություն ունեցե՞լ է:
Ես միանշանակ համոզված եմ, որ Զգոն անունը Աստծո կամոք է ինձ տրվել: Տերը մեր հոգիների քննողն է և գիտի ում և ինչպիսի շնորհներ պարգևել, որպեսզի կերտվի հոգևորականի անհրաժեշտ պատկերը: Ես կարծում եմ, որ օծյալ հոգևորականի անունը իր մեջ ներառում և արտացոլում է այդ բոլոր փոփոխությունները:
Որպես Աստծո սպասավոր՝ Դուք Աստված-մարդ հարաբերության միջնորդ օղակն եք հանդիսանում: Դժվար չէ արդյո՞ք կամուրջ հանդիսանալ:
Դիտելով հոգևոր սպասավորի մատուցած ծառայությանը հավատացյալ հոտին՝ մեզ հաճախ են ասում, թե որքան դժվար է քահանայագործելը: Սակայն շնորհիվ աստվածային զորավոր ներգործության և աջակցության, ամեն դժվարություն կարողանում ենք հաղթահարել: Հիմնական զորացնող գործոններն են՝ հավատքը, հույսը, սերը, համբերատարությունը և հոգևոր իմաստությունը:
Յուրաքանչյուր մարդ ունի աստվածատուր ազատություն, քրիստոնյայի մեծ ցանկությունն է պահպանել այդ ազատությունը կամ վերագտնել, եթե կորցրել է: Ըստ Ձեզ՝ ո՞րն է հոգու ազատության ճշմարիտ ընկալումը:
Այս վերջին դարերի ընթացքում, հատկապես քրիստոնյա աշխարհում տեսնում ենք որքան է մարդկությունը պայքար մղել ստրկատիրությունից ազատվելու, ձեռք բերելու սոցիալ-տնտեսական, քաղաքական ազատություն, հավասար պայմաններ գործարարության և յուրաքանչյուր մարդու իրավունքների պաշտպանության համար: Սակայն այլ է հոգու ազատությունը, որի արժեքը գերազանցում է բոլոր տեսակի ազատություններին: Այսպիսի ազատությանը կարող է հասնել թե՛ ազատը և թե՛ ստրուկը: Նախևառաջ, քրիստոնեության հիմքում ընկած է մարդու անձնիշխան ընտրությունը բարու և չարի միջև: Միայն այսպիսի ազատության շնորհիվ է հնարավոր հասնել հոգու ազատությանը: Եկեղեցու Սուրբ հայրերն ասում են. «Հոգու ազատությունը մեղքերի ստրկությունից ազատվելն է»: Փորձենք բացել չակերտները և տեսնել դեպի ազատություն տանող ճանապարհը: Աստված Հոգի է, Ում պիտի ձգտենք նմանվել, մոտենալ և հասնել հոգևոր աշխարհին՝ Երկնային Արքայությանը: Իսկ մենք չենք կարող սլանալ դեպի վեր տանող ճանապարհով, եթե ծանրաքաշ երկիրն որոշենք մեր ուսերին բեռնել: Հետևաբար, որպեսզի մեր ընթացքը դեպի հոգու փրկություն և ազատություն դյուրին և հաջող լինի, պիտի կարողանանք ազատագրվել երկրային կապվածություններից՝ ապրելով իբրև պանդուխտ այս աշխարհում:
Ո՞րն է Տեր Զգոն քահանա Աբրահամյանի կյանքի նշանաբանը:
Հոգևոր զգոնությունը կարևոր հատկանիշ է թե՛ հոգևորականի և թե՛ յուրաքանչյուր հավատացյալի համար: Զգոնությունն անհրաժեշտ գործոն է ուղղափառ, ճշմարիտ և նուրբ ուղին զատորոշելու կեղծիքից, մոլորությունից, ծայրահեղություններից: Կարևոր դեր և նշանակություն ունի զգոնությունը քրիստոնյայի փրկության ճանապարհը հաջող անցնելու, մեղքերից խուսափելու, բարին գործելու, երկկողմանի կապն Աստծո հետ ամուր պահելու: Սակայն ինձ համար գլխավոր նշանաբանն է՝ Տիրոջ Սուրբ Խաչը, որն, իր մեջ ներառելով ամեն բան, հանդիսանում է մեր փրկության բանալին:
Տեր Հայր, Ձեր բարեմաղթանքը՝ հավատացյալ հայ ժողովրդին:
Տերն ասում է. «Վերցրու խաչդ և արի Իմ ետևից» (Մատթեոս 16:24): Հավատացյալ հայ ժողովուրդը դարեր շարունակ իր բաժին ընկած ծանր խաչն է կրել և բազում հոգևոր հաղթանակներ տարել՝ հավատարիմ մնալով մեր Տեր Հիսուս Քրիստոսին: Մենք գիտենք Սուրբ Գրքից, որ փորձությունները մարդու կարողությունից ավելին չեն տրվում, ինչը վկայում է մեր ժողովրդի հոգևոր մեծ զորության մասին: Այսօրվա առանձնահատուկ ժամանակաշրջանում մաղթում եմ մեր բոլոր հոգևոր զավակներին ամրանալ հավատքով՝ բարձր պահելով մեր նախնյաց հավատքի դրոշը: Թող Աստված օրհնի բոլորիս՝ սերմանելով մեր սրտերում սեր ու խաղաղություն:
Կարինե Սուգիկյան