22 Օգոստոս, Եշ
Ապրիլի 12-ին Երևանի Լ. Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի 3² դասարանի աշակերտները, իրենց դասվար Սիլինե Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Սուրբ Հարության տոնին ընդառաջ, այցելեցին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի: Այցը, ինչպես նշեց դասվարը, ճանաչողական նպատակ ուներ, որպեսզի աշակերտները եկեղեցում քահանայի բացատրությամբ ծանոթանան առաջիկա տոների պատմությանը, Տեր Հոր օրհնությունը ստանան, նաև՝ հոգևոր սնունդ, որ, ուսուցչի համոզմամբ, վեր է ամեն տեսակի նյութական արժեքներից:
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն ողջունեց աշակերտներին և նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի հայրական օրհնությունը: Միասնական աղոթքից հետո Տեր Հայրը մինչ Ծաղկազարդի և Ս. Զատկի տոներին անդրադառնալը, աշակերտներին ծանոթացրեց Մեծ պահքի խորհդին: Հոգևորականի հետ զրույցը ոգևորել էր աշակերտներին. տոների վերաբերյալ նրանք մի շարք հարցեր ուղղեցին Տեր Հորը: Տեր Վահանը չմկրտված աշակերտներին հորդորեց մկրտվել՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու լիարժեք զավակները դառնալու համար և ողջ դասարանին մաղթեց, որ իրենց աշխատասիրությամբ կրթության մեջ առաջադիմեն, ծնողների և ուսուցիչների հանդեպ հնազանդությամբ՝ ազգի և եկեղեցու պիտանի զավակները դառնան:
Այնուհետև Տեր Հայրն օրհնեց աշակերտներին և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի կողմից նրանց, մանկավարժին և ծնողներին փոխանցեց նվերներ՝ «Պատարագամատույց» գրքույկներ՝ հորդորելով նրանց հաճախակի մասնակցել Ս. Պատարագին, գրքույկի միջոցով հետևելով արարողության ողջ ընթացքին:
Տարրական դասարանի աշակերտներն այցելեցին նաև եկեղեցուն կից Ս.Անանիա առաքյալի մատուռ-դամբարան և ծանոթացան առաքյալի վարքագրությանը:
Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը ծնողներին և մանկավարժներին երեխաների քրիստոնեական դաստիարակության վերաբերյալ հետևյալն է հորդորել. «Սիրելինե՛րս, եկեք մեծ խնամքով վերաբերվենք մեր երեխաներին ու ամեն կերպ հոգ տանենք նրանց հոգու փրկության մասին: Ծնողները չպետք է մտածեն այն մասին, թե ինչպես իրենց զավակներին արծաթով ու ոսկով հարստացնեն, այլ այն մասին, թե ինչպես նրանք դառնան բոլորից հարուստ բարեպաշտությամբ, իմաստությամբ և առաքինության ինչքով, որքան էլ նրանք շատ բաների պակասություն ունենան, կենսական ու պատանեկան ինչպիսի հրապուրանքներ էլ որ ունենան: Չէ՞ որ, եթե մեզնից հաշիվ է պահանջվում ուրիշներին հոգ տանելու համար, իսկ ասված է «ոչ ոք միայն իրենը թող չփնտրի, այլ նաև ընկերոջինը» ( Ա Կորնթ. 10:24), ապա որքան ավելի է պահանջվելու երեխաների համար»:
Կարինե Սուգիկյան