22 Օգոստոս, Եշ
Դեկտեմբերի 15-ին ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ և թեմի հոգևոր դասի ու հավատացյալների մասնակցությամբ, օծվեցին սրբապատկերներ, խաչվառներ և վեմ քարեր: Համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնակարգված արարողության՝ սրբապատկերները, խաչվառներն ու վեմ քարերը լվացվեցին նախ ջրով և գինով, ապա Սրբազան Հոր ձեռամբ օծվեցին Սրբալույս Մյուռոնով: Այսուհետ օծված սրբապատկերները և խաչվառները կզարդարեն առաջնորդանիստ Ս. Սարգիս, Զորավոր Ս. Աստվածածին, Քանաքեռի Ս. Հակոբ, Ներքին Դվինի Ս. Հակոբ և Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցիները, իսկ օծված վեմ քարերը Զորավոր Ս. Աստվածածին ու Ներքին Դվինի Ս. Հակոբ եկեղեցիների հոգևորականների կողմից կգործածվեն ուխտագնացությունների ժամանակ խոնարհված եկեղեցիներ այցելելիս:
Արարողության ավարտին Սիոն Սրբազանն իր երախտագիտությունը հայտնեց Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանին՝ օծման արարողությունը կատարելու հնարավորությունն իրեն ընձեռելու համար: Սրբազան Հայրը, օծման ուրախալի առիթով շնորհավորելով հոգևոր դասին և ներկաներին, ասաց. «Հայ եկեղեցին պատկերապաշտ չէ, քանզի մենք միայն մեր Տիրոջն ենք պաշտում: Հայ Եկեղեցին պատկերահարգ է, քանզի մենք միայն խնդրում ենք տվյալ սրբապատկերում պատկերված սրբի բարեխոսությունը։ Շնորհավորում եմ հոգևոր դասին, բոլոր նվիրատուներին ու հեղինակներին: Թող Աստված բարություն, սեր և խաղաղություն ներշնչի բոլորիս, որպեսզի Աստծո Սուրբ Աջի ներքո ապրենք խաղաղությամբ և կարողանանք մեր բարոյական ու նյութական աջակցությունը բերել եկեղեցու պայծառացման համար»:
Օծման հանդիսավոր արարողությունը հոգևոր մեծ ուրախություն էր պատճառել ներկաներին և առավելապես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքին: «Ս. Մովսես Տաթևացի հայրապետի և Ս. Անանիա առաքյալի պատկերներով զարդարված խաչվառի նվիրատվությունը մեր փոքրիկ լուման է մեզ համար հարազատ դարձած Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն»,- ասաց «Հույս միավոր» սիրիահայ տիկնանց միության ատենապետուհի Զարուհի Ամալյանը: Իսկ Աստվածամայրը Մանկան հետ սրբապատկերը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն կից Ս. Անանիա առաքյալի մատուռ-դամբարանին էր նվիրաբերել համայնքի անդամ Սոնա Եղիազարյանը, ով իր հավատի առաջին քայլերը սկսել է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուց:
Արարողության ավարտին հոգևոր դասը և ներկա հավատացյալ ժողովուրդը մոտեցան և համբուրեցին օծված սրբապատկերները, խաչվառները և վեմ քարերը՝ Աստծո օրհնությունը մաղթելով բոլոր նվիրատուներին:
Չօծված պատկերները եկեղեցում բարեպաշտության առարկա չեն կարող լինել: Պատկերները օրհնվում և օծվում են Սուրբ Մյուռոնով՝ Մայր Մաշտոցի կանոնի համաձայն: Դեռևս քրիստոնեության ծագման արշալույսին հավատացյալները սովորություն դարձրին եկեղեցու պատերը զարդարել Տիրոջ, Աստվածամոր և սրբերի պատկերներով, որպեսզի ներշնչվեն և օրինակ վերցնեն նրանց կյանքից ու հավատքից:
Խաչվառը խաչագլուխ ձողի վրա ամրացված դրոշակ է: Այն սովորաբար երկու կողմից կրում է խաչելության, Աստվածամայրը Մանկան հետ, Քրիստոսի, սրբերի և որևէ տերունական պատկերները, երբեմն էլ տվյալ եկեղեցու սրբերի պատկերը: Խաչվառը զինվորյալ եկեղեցու դրոշակն է: Որպես դրոշակ խաչվառը տարվում է եկեղեցական մեծ թափորների, հանդեսների առջևից: Գործածվում է Ս. Պատարագի սկզբում խնկարկության, Անդաստանի, Նախատոնակի և հուղարկավորության ժամանակ:
Կարինե Սուգիկյան