22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի հետ
Տեր Հայր, շնորհավորում ենք Ձեզ քահանայական ձեռնադրության 10-ամյակի առթիվ՝ մաղթելով Ձեզ աստվածատուր շնորհներով և իմաստությամբ լեցուն բազում օրեր: Մեր անկեղծ աղոթքն է, որ Աստված Ձեզ երկար տարիների կյանք պարգևի, առավել զորացնի, ամրացնի Ձեր միտքն ու ոգին անցնելու համար այն ուխտի ճանապարհով, որին կոչված եք:
Քահանայական շուրջառն արդեն տասը տարի է, ինչ կրում եք Ձեր ուսերին: Ինչպե՞ս ընտրեցիք հոգևորականի ծանր ու դժվարին, բայց և աստվածահաճո ճանապարհը, որը ծառայեցրել եք եկեղեցական տարբեր համայնքներում:
Նախ շնորհակալ եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Ինչ վերաբերվում է հոգևորականի ճանապարհին, ապա արդեն առիթներ ունեցել եմ այդ մասին պատմելու և այժմ խոսքս երևի թե կրկնվի, քանի որ պատմությունը նույնն է: Հոգևորականի ճանապարհը սկսվել է դեռևս իմ ծնունդից առաջ, քանի որ մայրս ուխտել էր եկեղեցուն նվիրել իր արու զավակին և հետագայում էլ, արդեն իմ գիտակցական կյանքում, մշտապես օգնում էր ինձ քայլերս դեպի եկեղեցի ուղղելու, ինչի համար էլ անչափ շնորհակալ եմ նրան:
Տեր Հայր, բավականին կարճ ժամանակահատվածում ակնառու դարձան Ձեր կատարած գործերը, Ձեր բարեփոխումները հոգևոր դաշտում՝ եկեղեցու պայծառությանն ուղղված: Վերջին շրջանում ժողովրդի մեծ հոսք կա դեպի եկեղեցի, Սբ. Պատարագին մասնակցողների թիվն աճել է, նաև նկատում ենք, որ համայնքի հավատացյալներն ակտիվություն դրսևորելուց բացի գնահատում և մեծ սեր են տածում Ձեր անձի հանդեպ, հետևաբար ո՞րն է Ձեր առաքելությունը, հոգևորականի Ձեր բանաձևը:
Կրկին շնորհակալ եմ բարի խոսքի համար: Աստված օրհնի Ձեզ: Յուրաքանչյուր հոգևորականի, որպես իր համայնքի հոգևոր հովիվ, առաջնահերթ խնդիրն Աստծո կողմից իրեն վստահված հոտի հոգու փրկության մասին հոգածությունն է, նրանց անվնաս առաջնորդումն առ Երկնավոր Հայր: Աստծո Խոսքի տարածումն ու սեփական կյանքում կիրառումն էլ պետք է առիթ հանդիսանա Եկեղեցու համայնքը նորանոր զավակներով լրացնելու և հետագայում նրանց հոգևոր աճի համար: Եվ այս ամենի հիմքն իհարկե Աստվածային կատարյալ սերը պետք է լինի, որի առաջնահերթ կրողներն ու տարածողները պետք է հոգևորականները լինեն, որպես Աստծո սպասավորներ՝ երկրի վրա:
Որպես հոգևորական ինչպե՞ս եք ներդաշնակում հոգևորն ու աշխարհիկը:
Անհնար է ապրել աշխարհում, գործել աշխարհում ու գոնե ինչ-որ չափով դրա մասնիկը չլինել: Եվ հոգևորի ու աշխարհիկի միջև ներդաշնակությունը հնարավոր է դառնում պահպանել, երբ ամեն ինչ հիմնվում է Աստծո Խոսքի ու պատվիրանների վրա: Երբ աշխարհիկը ծառայում է ի բարօրություն հոգևորի, քանի որ գրեթե յուրաքանչյուր պարագայում էլ կարելի է բարենպաստ պայմաններ գտնել հոգևոր առաքինությունները զարգացնելու համար:
Ձեր քահանայական սուրբ պարտականություններից մեկի՝ Սուրբ Պատարագի մատուցմամբ, մարդու հոգին մոտեցնում եք խոնարհության առաքինությանը: Ձեզ համար ի՞նչ նշանակություն ունի խորհուրդների խորհուրդը՝ ապրելը և ապրեցնելը:
Ամեն անգամ Սուրբ Պատարագը մատուցելը և դրան մասնակից լինելը հիշեցում է ամենքիս այն անգին զոհաբերության մասին, որ Աստված հանուն մարդկության արեց: Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին գրում է. «Մենք թշնամացել էինք մեղքի պատճառով և Աստված մահ էր սահմանել մեղավորի համար: Արդ երկուսից ո՞րը պիտի կատարվեր. մա՞հը` ի նշան արդարադատության, թե՞ այդ սահմանման խախտումն` ի նշան մարդասիրության: Ահա այստեղ էլ ի հայտ է գալիս Աստվածային ողջ Իմաստությունը: Նա պահպանեց և՛ արդարադատությունը, և՛ մարդասիրությունը: Քրիստոս «մեր մեղքերը Իր Մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, ապրենք արդարության համար. Նա, որի վերքերով բժշկվեցիք դուք» (Ա Պետրոս 2:24): Եվ հրաշալին այն փաստն է, որ ողջ աշխարհը փրկագնվեց այդ մի զոհով, քանզի Նա, Ով մեռավ աշխարհի փրկության համար, մի հասարակ մարդ չէր, այլ` Աստծո Միածին Որդին: Ահա սա է, որ պետք է դրոշմված լինի յուրաքանչյուր քրիստոնյայի սրտում:
Այսօր Ձեզ է վստահված ԱՀԹ Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու, սիրիահայ համայնքի և «Ցերեկային կենտրոն»-ի հոգևոր հովվի ծառայությունը: Հոգևոր հովիվ և համայնք փոխհարաբերության կառուցման մեջ ի՞նչն եք համարում ամենակարևորը:
Նախ պետք է նշեմ, որ երախտապարտ եմ Տիրոջն ու հոգևոր առաջնորդիս` Տ. Նավասարդ արք. Կճոյանին իմ հանդեպ ցուցաբերած բարձր վստահության համար: Իմ կարծիքով հոգևոր հովվի և համայնքի փոխհարաբերությունները պետք է կառուցված լինեն նախևառաջ փոխադարձ անկեղծության, արդարամտության, հարգանքի և սիրո վրա: Երկու կողմն էլ պետք է գիտակցի, որ եղբայրներ են ի Քրիստոս և կոչված են մեր Տեր Հիսուս Քրիստոսին ծառայելու, իրենց գործերով ապացուցելու, որ արժանի են քրիստոնյայի բարձր կոչմանը և մեծագույն սիրո ու եղբայրության սքանչելի օրինակը լինելու այլոց համար:
Տեր Հայր, Ձեր բարեմաղթանքը՝ հավատացյալ հայ ժողովրդին:
Մեր Տիրոջ սիրո պատգամի հանաձայն՝ սիրենք միմյանց: Հայր Աստված երկիր ուղարկեց Որդի Աստծուն, որպեսզի աշխարհը ճանաչի, թե ինչ է սերը և սովորի սիրել: Մաղթանքս է, որ Աստծո կենարար Սերը երբեք չպակասի մեր սրտերից, միշտ լուսավորի ու վերափոխի մեր կյանքերն ու մեզ շրջապատող աշխարհը:
Կարինե Սուգիկյան