22 Օգոստոս, Եշ
«Քաղցր Դրախտ գնալու համար պետք է շատ դառնություն ճաշակել այս կյանքում և անցած փորձությունների ելքի անձնագիր ունենալ ձեռքում» «Մենք անցանք հրի ու ջրի միջով…» (Սղմ. 65:12)
- Հա՛յր, Ձեր կողմից օրհնված խաչը ես մշտապես ինձ վրա եմ կրում: Այդ խաչն օգնում է ինձ դժվարությունների ժամանակ:
- Գիտես, մեզնից յուրաքանչյուրի խաչերը հենց այդպիսի խաչեր են: Դրանք նման են փոքրիկ խաչերի, որ մենք կրում ենք մեր կրծքին և որոնք պահպանում են մեզ մեր կյանքում: Իսկ դու կարծում ես, թե ինչ-որ մեծ խաչեր ենք կրո՞ւմ: Միայն Քրիստոսի Խաչն էր շատ ծանր, որովհետև մեր՝ մարդկանց հանդեպ ունեցած սիրուց, Քրիստոս չկամեցավ Իր աստվածային ուժն օգտագործել: Իսկ խաչելությունից հետո Նա վերցրեց, վերցնում է և և շարունակելու է Իր վրա վերցնել յուրաքանչյուր մարդու խաչի ծանրությունը և Իր աստվածային օգնությամբ և քաղցր մխիթարությամբ թեթևացնում է մեր փորձությունների ցավը:
Բարեգութ Աստված ամեն մեկին իր ուժերի չափով է խաչ տալիս: Աստված մարդուն խաչ չի տալիս, որպեսզի տանջվի, այլ, որպեսզի այդ խաչից Երկինք բարձրանա: Քանի որ, խաչը՝ դա Երկինք տանող աստիճան է՝ ըստ էության: Հասկանալով, թե փորձությունների ցավին համբերելով ինչպիսի հարստություն ենք կուտակում (երկնային) գանձարանում՝ մենք կդադարենք տրտնջալ և կփառաբանենք Աստծուն՝ մեզ վրա վերցնելով այն փքրիկ խաչը, որ Նա պարգևել է մեզ: Այսպես վարվելով՝ մենք արդեն իսկ այս կյանքում ուրախություն կունենանք, իսկ հաջորդում՝ և՛ (հոգևոր) «թոշակ» կստանանք, և՛ «միանվագ նպաստ»: Այնտեղ՝ Երկնքում, մեզ համար երաշխավորված բաժին կա, որ Աստված մեզ համար է պատրաստել: Սակայն, եթե մենք խնդրում ենք, որպեսզի Աստված ազատի մեզ փորձություններից, ապա Նա այդ բաժիններն ուրիշներին է տալիս և մենք զրկվում ենք դրանցից: Իսկ եթե մենք համբերենք, ապա՝ Նա մեզ դեռ հոգևոր տոկոսներ էլ կտա:
Այստեղ տանջվող մարդը երանելի է, որովհետև ինչքան շատ է այս կյանքում տանջվում, այնքան մեծ օգուտ է ստանում մյուս կյանքի համար: Իսկ դա այն պատճառով է, որ նա քավում է իր մեղքերը: Փորձությունների խաչերն ավելի բարձր են, քան այն տաղանդներն ու շնորհները, որոնցով Աստված օժտում է մեզ: Երանելի է այն մարդը, ով ոչ թե մեկ, այլ հինգ խաչ ունի: Տառապանքը կամ մարտիրոսական մահն իրենց ետևից մաքուր վարձք են բերում: Այդ պատճառով էլ, յուրաքանչյուր փորձության ժամանակ ասենք. «Շնորհակալ եմ, Տե՛ր Աստված, որովհետև սա անհրաժեշտ էր իմ փրկության համար»:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի