22 Օգոստոս, Եշ
Նոյեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միությունը, «Եկեղեցին մենք ենք» ծրագրի շրջանակներում, մասնակցեց «Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» բանախոսությանը, որը վարեց պատմական գիտությունների թեկնածու, Մատենադարանի ավագ գիտաշխատող Հայկ Հակոբյանը: Հանդիպումը կազմակերպել էր «Զորավոր» երիտասարդաց միությունը և «Դիալոգ» ՀԿ-ն: Երիտասարդաց միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի գլխավորությամբ՝ բանախոսությունը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Երիտասարդ բանախոսը պատմական աղանդներից շեշտադրեց Հայաստանում սկիզբ առած ութ հայկական աղանդները: Անդրադառնալով նրանց սկզբնավորմանը, գործունեությանն ու գաղափարախոսությանը՝ Հայկը նշեց նրանց արտահայտությունները ժամանակակից աղանդներում:
Ըստ բանախոսության՝ աղանդավորական շարժումների մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել 5-րդ դարից՝ գիր ունենալուց հետո, թեև չի բացառվում, որ մինչ այդ էլ եղել են հերձվածողական աղանդներ, որոնց մասին գրի բացակայության պատճառով մեզ տեղեկություններ չեն հասել: Օրինակ՝ Բորբորիտների աղանդը Մծղնեական շարժման մի մասն է կազմել և նմանություն ունի սադուկեցիների հետ, ովքեր չէին ընդունում հարությունը: Այս համեմատության շարքը լրացնում է ժամանակակից աղանդներից Եհովայի վկաները, ովքեր, ընդունելով միայն արդարների հարությունը, ժխտում են դժոխքը: Բորբորիտ աղանդի հետ կապված ժողովներ են հրավիրվել, պատիժներ են սահմանվել, և պատմիչները գայթակղությունից զերծ մնալու համար խուսափել են նրանց գաղափարախոսությունը մանրամասնորեն ներկայացնելուց: Օրինակ՝ Մծղնեական աղանդը չի ընդունել մկրտության խորհուրդը, այսօր էլ աղանդների մեծամասնության մոտ բացակայում է այս խորհուրդը, Մծղնեական աղանդում կինը տղամարդուն հավասար չափով քարոզել է, ինչը ևս առկա է ժամանակակից աղանդներում:
«Բոլոր պատմական աղանդները մեղադրվել են սեռական սանձարձակության, մանուկների զոհաբերության մեջ: Գրեթե ոչ մի աղանդ չի ընդունել Սուրբ Հաղորդության խորհուրդը: Ցանկացած հավատացյալ, եկեղեցի մտնելով և աղոթելով, հատուկ հոգեվիճակ է ձեռք բերում, որպեսզի Աստծուն մոտենա: Սատանային մոտենալու համար ևս հոգեվիճակ է անհրաժեշտ, որին նպաստել են ծիսական սպանությունները, սեռական սանձարձակությունները: Բոլոր աղանդներն էլ, կամա թե ակամա, պաշտում են սատանային: Ըստ Կարլ Գուստավ Յունգի՝ աղանդների մոտ հոգի չկա, գիտակցական և բանական վիճակ է, փարիսեցիները ևս, հետևելով միայն տառին և կանոնին, մոռացության էին մատնել հոգին»,- ասաց բանախոսը:
Աղանդներին հատուկ է փոփոխվել՝ ըստ բնակավայրի և ազգային մտածելակերպի, հեշտությամբ ադապտացվել: Օրինակ՝ ժամանակակից աղանդներից մորմոնները բազմակնությունն ընդունում են իսլամական երկրներում, բայց մերժում են ԱՄՆ-ում և Եվրոպայում, ուր օրենքով այն արգելված է: Պատմական աղանդների հետ համեմատելով՝ բազմակնությունը ևս սեռական սանձարձակություն է:
Մարկիոնականների, պավլիկյանների և Եհովայի վկաներ աղանդի ընդհանրություններին անդրադառնալով՝ Հայկ Հակոբյանը նշեց, որ ինչպես պավլիկյաններին, այսօր էլ Եհովայի վկաներին հատուկ է Աստվածաշունչն աղավաղելը: Բանախոսը մատնանշեց աղանդներին հատուկ այս գործելակերպը՝ ժողովրդին խաբելու համար պետք է Քրիստոսի դեմքով հանդես գալ, ուրիշ տարբերակ չկա:
Բանախոսության ընթացքում նաև անդրադարձ եղավ աղանդներում առկա բժշկությանը, ինչը, ըստ բանախոսի, կատարվում է ներշնչման և չարի ներգործության միջոցով:
Երիտասարդների այն հարցին, թե ինչպես կարելի է օգնել աղանդավորին, բանախոսը պատասխանեց՝ ուղղակի սիրեք՝ մեջբերելով երջանկահիշատակ Վազգեն Ա-ի տապանաքարի վրա գրառված հետևյալ խոսքը. «Սեր ոչ երբեք անկանի»:
Բանախոսը՝ որպես ամփոփում, նշեց, որ հայկական աղանդները հայկական անվանել միանշանակ չի կարելի, որովհետև նրանց հիմնական գաղափարները համաշխարհային բնույթ ունեն: «Դիալոգ» ՀԿ-ի նախագահ Ալմաստ Մուրադյանը նշեց կարևոր մի բացթողում, որ առկա է մեր հասարակության մեջ, այն է՝ հոգևոր գիտելիքների և կրթվածության պակասը, ինչը փորձում է լրացնել նաև «Դիալոգ» ՀԿ-ն՝ իր կողմից կազմակերպված սեմինարներով:
Բանախոսության ավարտին Տեր Վահանը շնորհակալություն հայտնեց Հայկ Հակոբյանին հետաքրքիր և ուսուցողական բանախոսության համար: «Կարևոր է, որ հայ քրիստոնյան գիտակցված հավատք ունենա և քրիստոնեական արժեքների իրական կրողը լինի: Ջանանք մեր միջավայրի համար բարի օրինակ դառնալ՝ կյանքի կոչելով այն առաքելությունը, որին կոչված է մեզանից յուրաքանչյուրը»,- ասաց Տեր Հայրը:
«Պատմական աղանդները և դրանց արտահայտումները ժամանակակից աղանդներում» թեմայի շուրջ բանախոսությունը ավարտվեց Պահպանիչ աղոթքով:
Կարինե Սուգիկյան