22 Օգոստոս, Եշ
Մայիսի 14-ին Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի ուխտի եկած բազմաթիվ հավատացյալների փափագն էր մասնակցել ուխտի Սուրբ Պատարագին և հաղորդակից լինել «Զորավոր» հրաշագործ Ավետարանին՝ հայցելով Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի բարեխոսությունը: Իր հրաշագործությամբ հայտնի «Զորավոր» Ավետարանը նախկինում կոչվել է «Վիշապկենց»: 14-րդ դարից առ այսօր Ավետարանը հանգրվանել է Երևանի Երկուերեսնի և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցիներում, Արտազի Ս. Թադեի վանքում, ապա՝ Ս. Էջմիածնում, իսկ 1939 թ-ից՝ Մաշտոցյան Մատենադարանում: 73 տարվա դադարից հետո արդեն վեցերորդ տարին է, որ հավատավոր հայորդին տարվա մեջ մեկ օր՝ մայիսի 14-ին՝ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի (1629-1632թթ.) մահվան հիշատակության օրը, հնարավորություն ունի հաղորդակցվելու «Զորավոր» Ավետարանի օրհնությանը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում:
Այս տարի ևս, մինչ Ս. Պատարագի սկիզբը, եկեղեցու հոգևոր դասը, հավատացյալները և տարբեր թեմերից ժամանած ուխտավորներ Փարպեցի-Թումանյան փակուղուց հանդիսավոր թափորով դիմավորեցին «Զորավոր» Ավետարանը, որ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց՝ ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ: Թափորը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, «Զորավոր» Ավետարանը բերելու հատուկ արարողակարգով, «Իմաստութիւն երկնային իջեալ» և «Բանին կենաց» շարականների երգեցողությամբ մուտք գործեց եկեղեցի, որտեղ և շարունակվեց արարողակարգը, ապա «Զորավոր» Ավետարանը դրվեց եկեղեցու Սուրբ Սեղանին:
Պատարագիչը՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը, քարոզին անդրադարձավ Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետի գործունեությանը և «Զորավոր» Ավետարանին՝ նշելով կենդանի հավատի վերաբերյալ սուրբգրային մեջբերումներ. ««Օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա: Միթե հավատը նրան կկարողանա փրկել» (Հակոբոս 2:14): Ս. Մովսես Գ Տաթևացի հայրապետը ոչ միայն քարոզում էր, այլ նաև քրիստոնյայի իր ապրած կյանքով և գործերով մարդկանց մեջ հավատ էր արթնացնում առ Աստված: Կաթողիկոսական գահին նստում է երեք ու կես տարի, բայց այդ կարճ ժամանակամիջոցում իր գործուն վկայությամբ ծաղկեցնում է հավատքի կյանքը: Նա հավատարիմ եղավ իր քարոզած գաղափարախոսությանը, քաջաբար և աննահանջ իրականացրեց իր առաքելությունը բոլոր այն եկեղեցիներում ու վանքերում, որտեղ բերեց իր հոգևոր սպասավորությունը: Նա զարթոնք բերեց եկեղեցական կյանքում, չվախեցավ և չսարսափեց իր շրջագայությունների ժամանակ՝ իբրև քրիստոնյա քարոզիչ, իբրև Քրիստոսի քաջարի զինվոր: Նրա կյանքն ու գործերը կենդանի խոսք են, որոնք միայն հիացմունք են առաջացնում:
Ինչպես Ավետարանը Աստծո կենդանի խոսքն է, այնպես էլ «Զորավոր» Ավետարանը՝ իր պարգևած բժշկություններով, Տիրոջ անսահման զորության, մեծ սիրո և մխիթարության կենդանի վկայությունն է: «Զորավոր» Ավետարանն իր բուժիչ հատկություններով մարդկանց առողջացնում է և ցնծություն պարգևում: Նրանում մեկտեղվել են երկնային զորությունն ու օրհնությունը, մխիթարությունն ու բժշկությունը: Այն, որ Սուրբ Հոգին կարող է այս Ավետարանի զորությամբ մեզ պարգևել հոգևոր և ֆիզիկական առողջություն, պահանջում է ճշմարիտ և աներկբա հավատք»:
Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում հավատացյալները մինչ Երեկոյան ժամերգությունը իրենց խոնարհումն ու երկրպագությունը բերեցին «Զորավոր» Ավետարանին:
Անդրադառնալով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Զորավոր» Ավետարանին՝ նշենք, որ, ըստ որոշ արձանագրությունների և մատենագիտական աղբյուրների, Ս. Աստվածածին անունը կրող եկեղեցին Զորավոր է կոչվել հետևյալ պատճառներով. այս եկեղեցում են ամփոփված Ս. Անանիա առաքյալի «ամենազոր» նշխարները և այս եկեղեցում է ժամանակին պահվել հրաշագործություններով հայտնի «Զորավոր» Ավետարանը:
Կարինե Սուգիկյան