22 Օգոստոս, Եշ
Նոյեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կատարեց բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների հիշատակությունը: Տոնական օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի համար նշավորվեց ուխտագնացությամբ: Ուխտավորները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, մեկնեցին Սաղմոսավանք, որ ըստ ավանդության՝ հիմնել է Ս. Գրիգոր Լուսավորիչը: Ուխտավորները մասնակից եղան ուխտի Ս. Պատարագին, որ մատուցեց Տեր Գրիգորը:
Մինչ քարոզը Տեր Հայրը շնորհավորեց ուխտավորներին տոնի առթիվ, ապա անդրադառնալով տոնի խորհրդին՝ ասաց, որ բոլորը կոչված են սրբության, քանի որ Տեր Հիսուս Քրիստոս ասաց. «Կատարյալ եղեք, ինչպես ձեր Երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Ապա նշելով բոլորին հայտնի սրբերի անուններ՝ ներկաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ սրբությունը հասանելի է բոլորին անխտիր՝ անկախ սեռից, տարիքից, դիրքից ու ազգությունից, իսկ հիշատակելի անհայտ սրբերի վերաբերյալ Տեր Հայրն ասաց, որ նրանք միշտ եղել են և այժմ էլ կան մեր կողքին, սակայն որոնց սրբությունը միայն Ամենակալին հայտնի պատճառներով անհայտ է մնացել մարդկությանը, սակայն, բնականաբար, հայտնի է Ամենատես Աստծուն: Ուխտավորներին և Ս. Պատարագին ներկա գտնվողներին Տեր Հայրը հորդորեց, որ առաջիկա օրերին ընթերցեն սրբերի վարքն ու տեսնեն, թե մեղավոր բնությամբ մարդն ինչպես կարող է հաղթահարել դժվարութունները, մաքրվել ախտերից ու սրբության բարձունքին հասնել. «Քայլ անենք սրբությանն ընդառաջ՝ հրաժարվելով այն ամենից, ինչը հեռացնում է մեզ Սրբության Աղբյուրից: Ժամանակավոր ու սին հաճույքների ետևից գնալով՝ չզրկենք մեզ Քրիստոսի հարատև ու երանություն պարգևող ներկայությունից: Քայլենք՝ Երկինք նայելով: Քայլենք՝ հոգեհարազատ որևէ սրբի ձեռքը բռնած և վստահ լինենք, որ Գթառատ Տերը չի անտեսելու մեր ձգտումն ու ջանքը, այլ օգնելու է, որպեսզի սիրով հաղթահարենք բոլոր դժվարություններն ու փորձությունները և պատվով միանանք Հաղթանակած Եկեղեցուն»:
Ուխտավորները, հաղորդվելով Տիրոջ Մարմնին և Արյանը, փառաբանեցին Տիրոջը, որ արժանացրեց իրենց մասնակիցը լինելու ուխտի Ս. Պատարագին և արժանացրեց Տիրոջ օրհնությանը՝ բոլոր սրբերի՝ հների և նորերի, հայտնիների և անհայտների բարեխոսությամբ:
Սրբերի հիշատակության նվիրական օրը հոգեկան հարստության գգացումով պատեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորներին: Համայնքի հերթական ուխտագնացությունը նպատակ ուներ տոնելու և փառավորելու սրբերի հիշատակը, ինչն, ըստ երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի, նշանակում է՝ նախ և առաջ ճանաչել սրբերին, որովհետև առանց ճանաչելու հնարավոր չէ սիրել և առաց սիրելու հնարավոր չէ փառաբանել:
Կարինե Սուգիկյան