22 Օգոստոս, Եշ
Այսօր զանազան տեսությունների օգնությամբ կործանում են խեղճ երեխաներին: Այդ պատճառով են նրանք այդքան անհանգիստ, այդքան խճճված: Երեխան ուզում է մի բան անել, բայց մեկ այլ բան է անում: Նա ուզում է մի ուղղությամբ գնալ, բայց մեր ժամանակաշրջանի ոգին նրան մեկ այլ կողմ է տանում: Մութ ուժերի սարսափելի պրոպագանդա են ծավալել, այդ նրանք են դեպի չարն ուղղում այն երիտասարդներին, որոնց գլխում դատողությունը պակասում է: Դպրոցում որոշ ուսուցիչներ երեխաներին ասում են. «Նախաձեռնող անձնավորություն լինելու համար մի՛ հարգեք ձեր ծնողներին, մի՛ ենթարկվեք նրանց»: Այդ կերպ նրանք քայքայում են մանկական հոգիները: Հետո երեխաները ո՛չ ծնողներին են լսում, ո՛չ՝ ուսուցիչներին: Եվ նրանք մեղավոր չեն, որովհետև կարծում են, որ հենց այդպես է պետք վարվել: Դրանում նաև պետությունն է նրանց աջակցում, նրանց մղում են դրան: Իսկ նրանք, ովքեր ո՛չ հայրենիքի հետ գործ ունեն, ո՛չ ընտանիքի, ում համար ոչ մի սրբություն չկա, այդպիսի երիտասարդությանն իրենց պլանների իրագործման համար են օգտագործում: Ահա այդ ամենն է, որ շատ չարիք է բերել այժմյան երիտասարդությանը: Շա՜տ չարիք: Արդեն այնտեղ է հասել, որ երիտասարդությունն իր համար առաջնորդ է համարում պոզավոր սատանային: Սատանային երկրպագելը մեծ տարածում է գտել: Որոշ դիսկոտեկներում ամբողջ գիշեր երգում են. «Սատանա՛, մենք երկրպագում ենք քեզ: Մենք Քրիստոսին չենք ուզում, դու մեզ ամեն ինչ տալիս ես»: Ի՜նչ սարսափելի է: Արդյո՞ք հասկանում եք, թե նա ձեզ ինչ է տալիս, դժբախտ երեխաներ, և ինչից է ձեզ զրկում…
Փոքր երեխաներն արդեն չարացած են՝ սուրճից, ծխախոտից: Մի՞թե նրանց դեմքին փայլող հայացք, Աստծո շնորհը կտեսնես: Ա՜խ, ինչ ճիշտ էր մի ճարտարապետ, որ պատանինների մի խումբ էր Սուրբ լեռ բերել, երբ նրանց ասաց. «Մեր աչքերը սատկած ձկան աչքերի պես են»: Այդ ճարտարապետը տասնութից քսանհինգ տարեկան երիտասարդների խմբի հետ էր Աթոս եկել, տասը հոգի էին: Նա ավելի շուտ էր դարձի եկել և այդ պատճառով էլ խղճում էր այն երիտասարդներին, ովքեր անառակության մեջ են ապրում: Այդ դժբախտներից ոմանց հետ ընկերացել էր, համոզել Սուրբ լեռ գալ և ինքն էլ վճարել էր նրանց ճանապարհածախսը: Նրանք դեպի իմ խուցն էին գալիս, իսկ ես պետք է ինչ-որ տեղ գնայի, և մենք կածանի վրա հանդիպեցինք: Ես նրանց ասացի, որ տեղ եմ գնում, բայց առաջարկեցի մի փոքր նստել հենց այդտեղ, որտեղ հանդիպեցինք: Հազիվ էինք նստել, երբ դեպի իմ խուցը եկող երեխաների մի խումբ էլ հայտնվեց: Դրանք Աֆոնիադայի սաներն էին: «Դուք էլ մեզ հետ նստեք»,- ասացի նրանց: Նրանք էլ նստեցին: Հենց այդ պահին ճարտարապետն իր տղաներին ասաց. «Դուք ոչինչ չե՞ք նկատում»: Վերջիններս զարմացան: «Դե,- ասաց նրանց,- նախ մեկդ մյուսի դեմքին նայեք, ապա այս երեխաների դեմքերին: Տեսեք, թե ինչպես են նրանց աչքերը փայլում: Եվ մեր աչքերին նայեք, դրանք սատկած ձկան աչքերի պես են»: Եվ ճիշտ որ: Երբ ես ուշադրություն դարձրեցի, տեսա, որ նա ճիշտ նշանակետին է դիպել՝ նրանց աչքերը սատկած ձկան աչքերի նման էին: Պղտոր էին, անբնական… Իսկ Աֆոնիադայի երեխաների աչքերը լույս էին ճառագում: Քանի որ Աֆոնիադայում սաները երկրպագություններ են անում, եկեղեցական ծառայություններին մասնակցում: «Աչքերը հոգու հայելին են»: Այդ պատճառով Քրիստոս ասաց, որ «մարմնի ճրագը աչքն է» (Ղուկ. 11:34): Որքա՜ն երիտասարդներ են Սուրբ լեռ կամ ուրիշ մենաստաններ գնում, վանականներ դառնում, և չնայած, որ վանական կյանքը, այսպես ասենք, շաքար չէ, նրանք այնպիսի ուրախությամբ են լեցուն, որ նրանց դեմքերը լույս են շողարձակում: Իսկ աշխարհում երիտասարդությունն ինչ ուզես ունի, բայց տանջվում է, դժոխային տառապանք կրում:
Ամեն կողմից զանազան քամիներ են մեր կողմը փչում: Արևելքից՝ հինդուիզմը և այլ անդրաշխարհային կրոններ, Հյուսիսից՝ կոմունիզմը, Արևմուտքից՝ տարբեր ուսմունքների մի ողջ կույտ, Հարավից՝ աֆրիկացիներից՝ կախարդություն, գուշակություն և բազում այլ մահաբեր համաճարակներ: Մի անգամ այդ քամիներից ծեծված մի պատանի եկավ իմ խուց: Հասկացա, որ նրա մոր աղոթքներն են նրան ինձ մոտ բերել: Մենք բավականին երկար զրուցեցինք և զրույցի ավարտին ասացի նրան. «Ահա, թե ինչ, երիտասա՛րդ, խոստովանահայր գտիր և խոստովանության գնա: Հետո թող նա քեզ օրհնված յուղով օծի: Դա քեզ կօգնի այժմ, երբ քո հոգևոր կյանքում առաջին քայլերդ ես անում: Քեզ պետք է օրհնված յուղով օծեն, որովհետև հրաժարվել ես Քրիստոսից»: Երբ ասում էի նրան այս ամենը, խեղճ պատանին լաց էր լինում: «Աղոթիր, հա՛յր,- խնդրում էր,- որովհետև չեմ կարողանում ազատվել այս ճահճից: Ուղեղս լվացել են: Հասկանում եմ, որ մորս աղոթքներն են ինձ այստեղ բերել»: Որքա՜ն զորեղ են մայրական աղոթքները: Խե՜ղճ երեխաներ: Խճճում են նրանց այդ ուսմունքներով և անպիտան են դարձնում: Այնուհետև վախը, հոգեկան տագնապն է նրանց պարուրում և նրանք թմրանյութերի և այլնի մեջ են լիցքաթափում փնտրում: Մի անդունդից՝ մյուսը: Թող Աստված տարածի Իր Աջը [և կանգնեցի չարը]:
- Հա՛յր, իսկ օգուտ կա՞ նրանից, որ այդ դժբախտներին ասում են, որ նման ուսմունքները սատանայական են:
- Դե իհարկե, կա՛: Միայն թե բարությամբ պետք է նրանց այդ մասին ասել:
- Իսկ այդպիսի երիտասարդությունը կարո՞ղ է Քրիստոսին ճանաչել:
- Նրանք ինչպե՞ս կարող են Քրիստոսին ճանաչել, եթե առանց Ուղղափառությունը ճանաչելու, գնում են Հնդկաստան՝ ինչ-որ գուրուների մոտ, երկու-երեք տարի նրանց մոտ են ապրում, զանազան կախարդական ազդեցություններից խելքները կորցնում են, այնուհետև, այնտեղ ապրելով, իմանում են, որ Ուղղափառության մեջ խորհրդավոր, առեղծվածային կյանք կա և այստեղ են գալիս աստվածային լույսը տեսնելու և դրա նման բարձրագույն հոգևոր վիճակ վերապրելու: Իսկ եթե նրանց հարցնում ես. «Քանի՞ տարի Հաղորդություն չես ստացել», ապա պատասխանում են. «Հաստատ չեմ հիշում, հնարավոր է մայրս տարած լինի, երբ ես փոքր էի»: «Իսկ դու երբևէ խոստովանության գնացե՞լ ես»: «Այդ հարցն ինձ չի հետաքրքրում»: Իսկ մի՞թե կարելի է ինչ որ լավ բան սպասել այդ ամենից հետո: Նրանք ոչինչ չգիտեն Ուղղափառության մասին:
- Իսկ ինչպե՞ս նրանց օգնել, Հա՛յր:
- Նրանց ի՞նչը կարող է օգնել, երբ ասում են, որ «Եկեղեցին իր դարն ապրել է»: Հենց մարդուց նման բան ես լսում, միանգամից պարզ է դառնում, թե ինչ փոխըմբռնման կարող ես նրա հետ գալ: Սակայն այն երիտասարդները, ովքեր բարուն են հակված, օգնություն են ստանում և մոտենում են Եկեղեցուն:
Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի