22 Օգոստոս, Եշ
Ոմն ճգնասեր եղբայր օտար տեղից եկավ և բնակվեց Սինա լեռանը՝ մի առանձին խցում: Եվ երբ առաջին օրը մտավ այնտեղ, իրենից առաջ այնտեղ բնակվածի կողմից գրված մի տաշեղ գտավ. «Մովսեսի եղբայր Թեոդորոսն է. ահավասիկ կա՛մ և վկայո՛ւմ եմ»: Եվ եղբայրը, ողջ օրը տաշեղն իր առջև դնելով, հարցնում էր գրողին՝ իբրև կենդանի արարածի. «Ո՞ւր ես արդյոք այժմ, ո՜վ մարդ, որ ասել ես, թե՝ ահավասիկ կամ և վկայում եմ: Արդյոք ո՞ր աշխարհում ես այս ժամին, արդյոք ո՞ւր է այն ձեռքը, որ գրել է»: Եվ ողջ օրն այսպես անելով ու գերեզմանը հիշելով՝ նստում էր սգալով: Նրա ձեռագործը գրչությունն էր և բազում եղբայրներից գրելու պատվերներ էր ստանում: Սական մեռավ` ոչ մեկին գրություն չթողնելով, այլ միայն յուրաքանչյուր մագաղաթի վրա գրած ուներ. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, տե՛ր եղբայր, քանզի մեկի հետ փոքրինչ գործ ունեի, դրա համար էլ ժամանակ չունեցա գրելու»: Սրա խցի մոտ մի եղբայր էր բնակվում, որը մի օր ինչոր գործով տեղ գնալու պատրվակով գրագիր եղբորն ասաց. «Բարի՛ եղիր, եղբա՛յր, ոռոգի՛ր ու պահպանի՛ր պարտեզս, մինչև վերադառնամ»: Գրագիրն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, որքան կարող եմ` չեմ ծուլանա»: Եվ երբ եղբայրը գնաց, ասաց իրեն. «Տառապյա՛լ, քանի ժամանակ ունես, հոգ տար պարտեզիդ մասին»: Առավոտից մինչև երեկո կանգնելով աղոթքի` չէր դադարում արտասուքներով սաղմոսել և աղոթել, նույնպես և հաջորդ ամբողջ օրը, քանզի սուրբ կիրակի էր: Դրացի եղբայրը, երեկոյան գալով, տեսավ, որ խոզերը ավերել ու ապականել են ողջ պարտեզը, և նրան ասաց. «Աստված թողությո՛ւն տա քեզ, եղբա՛յր, որ խնամք չտարար իմ պարտեզին. արդարև, ողջը ապականվեց»: Գրագիր եղբայրն ասաց. «Գիտե Աստված, որ իմ կարողության չափով արարեցի, ոռոգեցի և պահպանեցի, բայց Աստված տա՛, որ մեր պարտեզը պտղաբերի: Գիտեմ, որ ավերվեց, բայց հավատում եմ Աստծո Որդուն, որ կծաղկի»: Պարտեզի տերն ասաց. «Ե՛կ ոռոգենք այն»: Գրագիրն ասաց. «Գնա՛ ոռոգիր, իսկ ես գիշերը կոռոգեմ»: Այդ ժամանակ երաշտ եղավ, իսկ դրացին իր գրագիր եղբորն ասաց. «Հավատա՛, եղբա՛յր, եթե Աստված չօգնի, ես ջուր չունեմ սրա համար»: Գրագիրն ասաց. «Վա՛յ մեզ, եղբա՛յր, եթե մեր պարտեզի աղբյուրները ցամաքեն, արդարև փրկություն չենք ունենա». նա արտասուքները նկատի ուներ: Երբ մեռնելու վրա էր, աղաչեց իր դրացուն և ասաց. «Ոչ մեկին մի՛ ասա, թե հիվանդ եմ, այլ այսօր մնա՛ այստեղ: Երբ գնամ առ Տեր, վերցրո՛ւ իմ մարմինը և գցի՛ր բաց անապատ, որպեսզի ուտեն գազաններն ու թռչունները, քանզի բազմիցս մեղանչեցի Աստծու դեմ և արժանի չեմ թաղվելու»: Պարտիզպանն ասաց նրան. «Հավատա՛, եղբա՛յր, որ խիղճս թույլ չի տալիս նման բան անել»: Պատասխանեց հիվանդն ու ասաց. «Այդ մեղքդ ինձ վրա կնկնի, միայն թե ինձ խոստացի՛ր, որ կլսես ինձ և այդպես կանես»: Եվ երբ մահացավ, եղբայրը նույն օրն իսկ արեց այնպես, ինչպես պատվիրել էր գրագիր եղբայրը, և գցեց նրա մարմինը բաց անապատ, քանզի հեռու էին քսան մղոնով այն բերդից, որ կոչվում է Մետեմիր: Հաջորդ օրը առ Տեր գնացած եղբայրը երևաց նրան տեսիլքի մեջ և նրան ասաց. «Աստված ողորմի քեզ, եղբա՛յր, ինչպես որ դու ի՛նձ ողորմեցիր: Հավատա՛ ինձ, որ Աստված մեծ ողորմություն արեց ինձ, որ անթաղ մնաց իմ մարմինը, և ինձ ասաց. «Ահա քո խոնարհության համար կարգադրեցի, որ դու Անտոնի հետ լինես»: Արդ, ես աղաչեցի քեզ համար. հիմա թո՛ղ քո արտաքին պարտեզը և մյուս` ներքին պարտեզի համար հո՛գ տար, որովհետև իմ մահվան ժամին, երբ ելավ հոգիս, տեսա, որ իմ արտասուքները հանգցրին այն հուրը, որի մեջ ես պետք է այրվեի»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016