22 Օգոստոս, Եշ
Հունվարի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքի երիտասարդ անդամները՝ «Զորավոր» երիտասարդաց միությունը, եկեղեցու կից սրահում, Կաղանդչեքի երեկո էին կազմակերպել՝ ուրախ տրամադրություն փոխանցելով ընտանիքի մյուս անդամներին:
Կաղանդչեքի տոնական երեկոյին ներկա էին եկեղեցու հոգևոր դասը, համայնքի անդամներ և հյուրեր: Միջոցառումը սկսվեց «Տերունական աղոթք»-ով: «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը, ողջունելով ներկաներին, ասաց, որ երիտասարդաց միությունն իր հոգևոր ուսումնառությունից և տարբեր ծրագրեր իրականացնելուց զատ, միշտ ներկա է եկեղեցու համայնքային կյանքից ներս: Եվ Ամանորի ու Ս. Ծննդյան տոների առթիվ միության կողմից կազմակերպված Կաղանդչեքն ուրախանալու և նրանց գործունեությունն արժևորելու մի առիթ է: Ապա Տեր Հայրը ներկայացրեց ճեմարանական կյանքում առկա ավանդական Կաղանդչեքի մասին, որի ժամանակ 6-րդ լսարանի սաները, ազատորեն արտահայտվելու հնարավորություն ունենալով, ուսանողական կատակներ և սրախոսություններ են անում, ուստի ներկաներին հորդորեց «Զորավոր» երիտասարդաց միության Կաղանդչեքի հումորին մոտենալ ներողամտությամբ, սիրով և հումորով:
Մինչ միջոցառումը, միության ատենապետ Հրաչյա Բեգլարյանը ներկայացրեց երիտասարդաց միության անցյալ տարվա համառոտ հաշվետվությունը: Այնուհետև «Զորավոր մանկունք» երգչախումբը, գեղարվեստական ղեկավար Լիլիթ Սիմոնյանի գլխավորությամբ, հանդես եկավ «Տաղ Ծննդյան» շարականով:
Կաղանդչեքի ուրախ սկիզբն ազդարարեցին Ձմեռ Պապն ու Ձյունանուշը, նրանք ուրախ նվերներ՝ հումորներ էին պատրաստել ներկաների համար: Մեկը մյուսի հետևից հնչում էին եկեղեցու հոգևոր դասի և համայնքային կյանքի վերաբերյալ հումորները, որոնք ոգևորել և մեծ ուրախություն էին պատճառել լեփ-լեցուն դահլիճին՝ առավել ջերմացնելով ընտանեկան մթնոլորտը: Ուրախ կատակներն ընդմիջվում էին «Զորավոր մանկունք»-ի և միության անդամների երաժշտական կատարումներով:
«Կաղանդչեքը նշում են Կաղանդի՝ Տարեմուտի ժամանակ, փոխվում է տարին, Քրիստոսի ծնունդով թոթափում ենք նախորդ տարվա բեռը, հոգսը և քայլում առաջ: Կաղանդչեքով փորձում ենք հումորով վերաբերվել այն ամենին, ինչից փորձում ենք ազատվել: Միջոցառումը համարում եմ հաջողված, քանի որ մեր կողքին տեսնում եմ մեր հոգևորականների թե՛ հումորի զգացումը, թե՛ բարությունը, թե՛ անկեղծությունը, որոնցից կարող ենք օրինակ վերցնել: Կաղանդչեքով փորձում ենք ցույց տալ, որ մարդ որքան կարող է հավատքով, նույնքան էլ հումորով լինել: Եվ քրիստոնեությունը ոչ թե լացուկոծի, այլ Քրիստոսով ուրախ և ուժեղ լինելու, Քրիստոսով ոտքի կանգնելու, առողջ հումորով կյանքին վերաբերվելու և առաջ գնալու կրոն է»,- ասաց Կաղանդչեքի սցենարի հեղինակ, միության անդամ Մարիամ Պիվազյանը:
Միջոցառման ավարտին Կաղանդչեքի հյուրասիրության ժամանակ տիրող ոգևորությունը վկայում էր, որ «Զորավոր» երիտասարդաց միության Կաղանդչեքի անակնկալն ստացված էր:
Առողջ հումորը հոգևոր մեծ օգուտ է պարունակում, քանի որ, եթե հումորը բարի է, ապա այն ուրախություն և մխիթարություն է պարգևում մարդուն: Անտոն Մեծի հոգևոր ուսուցումներով միշտ առկա էր հումորը: Երբ նրա որոշ աշակերտներ շփոթվում էին նրա հումորից, երանելին օրինակ էր բերում աղեղի լարը՝ ասելով, եթե այն ուժեղ ձգես, ապա աղեղը կկոտրես: Նույնպես և մարդը, եթե նրան պահես հոգևոր լարվածության մեջ, ապա մեծ է ձախողման վտանգը: Միևնույն ժամանակ, ըստ Սուրբ Գրքի, հարկավոր է տարբերել «լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը» (Ժողովող 3:4):
Կարինե Սուգիկյան