22 Օգոստոս, Եշ
Արարատյան Հայրապետական թեմի հավատացելոց անունից հղում ենք մեր բարեմաղթանքներն ու շնորհավորանքներն ուրախ և հուզումնալից «Վերջին զանգ»-ի առթիվ:
Ձեր առջև լայնորեն իր դռներն է բացել կյանքը, և դուք ինքնադրսևորման և արարման մեկնարկ եք վերցրել: Այլևս դուք առավել ազատ եք, և անհրաժեշտ է ճիշտ կողմնորոշվել տրված ազատության մեջ:
Դպրոցը ձեզ սպառազինել է գիտելիքներով, որոնք պիտի կենսավորեք ի շահ հայրենիքի, ինչն իրագործելի կդառնա միայն ազգի նկատմամբ պարտքի բարձրագույն գիտակցումով: Այդ գիտակցումը մարդուն տրվում է ի վերուստ և դառնում է կամովի հանձնառություն:
Վառ իդեալներից և գունագեղ տեսիլքներից պիտի ծնվեն ձեր նպատակները, ու սիրով ներշնչված ամեն մի գործ պիտի ծառայի ազգին ու հայրենիքին:
«Թող ձեր ամեն ինչը սիրով լինի», - պատվիրում է մեզ Ավետարանը (Ա Կորնթ. 16:14): Միայն այսպես առաջնորդվելով՝ կարելի է կյանքի կոչել դպրոցում ձեռք բերած գիտելիքները: Դուք կարող եք դրանք լրացնելով՝ նոր լիցք հաղորդել երկրի կյանքին:
Ասածի հաստատումը ոչ թե ձեր ավարտական վկայականները պիտի լինեն, այլ այն առաքելությունը, որին զինվորագրվում եք: Դուք գնում եք կյանքին նոր խոսք ասելու, նոր կորով հաղորդելու:
Դուք այն բարեբեր ծառն եք, որի պտղավորմանը սպասում ենք բոլորս:
Հարատև պտղաբեր եղեք, քանզի հաղթանակը հարատևության մեջ է: Մի՛ երկնչեք: Հավատարիմ մնացեք երիտասարդական ձեր երազներին և, անշուշտ, պիտի հարատևեք:
Սիրով և օրհնությամբ` ՆԱՎԱՍԱՐԴ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԿՃՈՅԱՆ
Առաջնորդական փոխանորդ Արարատյան Հայրապետական Թեմի