22 Օգոստոս, Եշ
Տիկին Սաթենիկ, ի՞նչ դերակատարում ունի կինը քաղաքական դաշտում, հոգեւոր ոլորտում եւ հասարակական կյանքում…
Ըստ իս, կնոջ դերն ամբողջանում է մարդ հասկացության մեջ, այն չի տարբերվում, չի զատվում, կինն էլ, ինչպես որ տղամարդը, նույն մարդն է, նույն հասարակական էակը, սակայն կան առանձնահատկություններ, որոնց շնորհիվ կանայք տարբերվում են տղամարդկանցից:
Կանաց և տղամարդկանց նմանությունների և տարբերությունների հարաբերակցությունը ես պատկերացնում եմ այսպես: Տղամարդը կառուցում է, իսկ կինը, մասնակցելով կառուցմանը կամ կառուցելիս, իրեն բնորոշ յուրահատուկ հատկանիշներով ձևավորվում է կառուցվածքը նուրբ և անհրաժեշտ շեշտադրումներով:
Այսպիսով, կինը և տղամարդը լրացնում են միմյանց, և անելիքն ամբողջանում է թե հոգևոր ոլորտում, թե հասարակական կյանքում և թե քաղաքական դաշտում:
Հայաստանյան իրականության մեջ կինը որքանո՞վ է պաշտպանված և խոցելի և ինչի՞ կարիք ունի հայ կինը:
Հայաստանյան իրականության մեջ ավելի հաճախ այս կամ այն պատճառով օրենքները չեն կիրառվում կամ չեն գործում: Այս պայմաններում խոցելի են բոլորը, հատկապես, երբ սրան ավելանում է օրենքների չիմացությունը:
Պաշտպանված լինելը շատ կարևոր է մարդու համար, հատկապես կնոջ համար: Ամբողջ աշխարհում մարդիկ պաշտպանվում են օրենքներով: Օրենքով պաշտպանված լինելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Յուրաքանչյուր մարդ, կին պետք է ունենա իր անհատական պաշտպանական համակարգը: Կա թյուր կարծիք այն մասին, որ երբ անկեղծությունն ու ազնվությունը մարդուն խոցելի են դարձնում, միաժամանակ զրկում են նրան պաշտպանությունից: Ընդհակառակը՝ նման խոցելիությունը հնարավորություն է տալիս մարդուն, հատկապես կնոջը, մշակելու անհատական ներքին հոգևոր զորեղ պաշտպանական համակարգ: Սա աշխատանք է, որն սկսվում է ներհայեցողությամբ, ինքնաճանաչմամբ, աշխարհի ճանաչմամբ, շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում՝ հարստանալով իմաստությամբ, փորձառությամբ, խոնարհությամբ և շատ ուրիշ արժեքավոր հասկացություններով: Հայ կինը գնահատված չէ: Գնահատականը կօգնի նրան ինքնադրսևորվել հայաստանյան բարդ իրականության մեջ, արդյունքում կշահեն բոլորը՝ ընտանիքը, հասարակությունը, պետությունը:
Կնոջ երջանկության Ձեր բանաձևը:
Նախ՝ ինչ է երջանկությունը: Իմ կարծիքով, երջանկությունը ներդաշնակությունն է մարդու ներքին եւ արտաքին կյանքում: Ունենալ ներքին ներդաշնակություն՝ նշանակում է հաշտ լինել Աստծո հետ, հաշտ լինել ինքդ քեզ հետ, չդժգոհել ինքդ քեզանից, չանիծել քո բախտը, ցանկալին ձեռք բերելու համար որոնել և գտնել ճանապարհներ, եթե չհաջողվի՝ չհուսահատվել և, որ կարևոր է՝ լինել անկեղծ: Արտաքին ներդաշնակությունը հաշտություն է բնության հետ, մարդկանց հետ: Այս հաշտությունները հոգևոր ձեռքբերումներ են, նրանք մեզ տալիս են խաղաղություն: Երբ ներդաշնակություն չկա, այն ամենը, ինչը երջանկացնում է մարդուն, կարճատև է: Երջանկության զգացումն ամբողջանում է և տևական է, երբ մարդը վերարժևորում է իր ունեցածն ու չունեցածը: Հոգևոր ներդաշնակության հասնելու ճանապարհներն անհատական են, բազմազան եւ բազմաբնույթ: Կնոջ համար ներդաշնակության հասնելու լավագույն միջոց է սիրելը, սիրված լինելը և մայր դառնալը:
Ինչպե՞ս կբնութագրեք Տիկնանց միությունը:
Տիկնանց միությունը ներեկեղեցական կառույց է՝ կազմված եկեղեցի հաճախող այնպիսի կանանցից, ովքեր, կարևորելով հոգևոր գիտակցության դերն անհատի կյանքում, հասկանում են, որ այն պետք է ձևավորվի եկեղեցում՝ եկեղեցու խորհուրդներին հաղորդակից լինելով և մարդկային հարաբերությունների այնպիսի միավորման մեջ, որտեղ կա Աստված, կա սեր, միաբանություն, հույս, վճռականություն, հավատով և գործերով հոգեպես զորանալով, օգտակար լինել ընտանիքի, հասարակության, պետականության համար:
Կնոջ կատարյալ հոգևոր կերպարին հասնելու համար ի՞նչ է պետք:
Յուրաքանչյուր անհատի համար դեպի կատարյալն ընթանալը կյանքի նպատակ է, աստվածային ծրագիր, նույնիսկ այն ժամանակ, երբ մարդը դա չի գիտակցում և իրեն տրված ազատ կամքով չի հասցրել այլ բան ընտրել:
Կնոջ համար դեպի կատարյալ հոգևոր կերպարին հասնելու ճանապարհն էականորեն տարբերվում է տղամարդու ընտրած ճանապարհներից: Կանայք, երբ դեռ նույնիսկ փոքրիկ աղջիկներ են, նրանց ամենամեծ ցանկությունն է՝ լինել գեղեցիկ և, որպես ապացույց իրենց անհերքելի գեղեցկության, շրջապատի մարդկանց ուշադրությունն են պահանջում: Չստանալով պահանջված ուշադրությունը՝ շփոթված, մտահոգված, սկսում են որոնել, համեմատել, ճշգրտել, համոզել և համոզվել այնքան ժամանակ, մինչև որ սկսվում է վերարժևորումը, որն է կարևոր և արժեքավոր և որն է ժամանակավոր և ոչ էականը:
Այս աշխատանքի արդյունքում վերջապես հասկանում են, որ գեղեցկությունը ոչ թե դիմագծեր են, այլ հոգեվիճակ, տրամադրություն, աչքերի արտահայտություն եւ արժեքավոր բաների մասին խոսելու և լսելու պատրաստակամություն: Այս պատրաստակամությունն այն ամուր հիմնաքարն է, որի վրա կառուցվում է կնոջ կատարյալ հոգևոր կերպարը:
Ձեր բարեմաղթանքը կանանց և մեր ընթերցողին:
Կանայք, երջանիկ եղեք և դարձեք մեր հայ հասարակության այն առողջ բջիջները, ովքեր ունակ են առողջացնելու ամբողջ ազգին և զերծ պահելու վտանգավոր ու արատավոր բազմաթիվ մարտահրավերներից:
Ընթերցողին ցանկանում եմ միշտ հետևություններ անել, այլ կերպ ասած՝ դասեր քաղել սխալներից, սիրել և օգնել միմյանց, որպեսզի, չշեղվելով ճշմարիտ ուղուց, հոգով հզորանալով՝ ձգտեն կատարելության:
Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր