22 Օգոստոս, Եշ
Հայր Դանիելն ասաց. «Մի անգամ հայրերից ոմանք եկան Ալեքսանդրիա` հայր Արսենին տեսնելու: Նրանցից մեկն Ալեքսանդրիայի եպիսկոպոս երանելի Տիմոթեոսի հորեղբայրն էր, որն իր հետ բերել էր իր եղբորորդիներից մեկին: Հայր Արսենն այդ ժամանակ հիվանդ էր և չկամեցավ ընդունել նրանց, որպեսզի ուրիշներն էլ չգան և չանհանգստացնեն իրեն: Այդ ժամանակ նա Տրոյիսում էր, և եկվորները խռովված ետ գնացին: Դրանից հետո այնտեղ եկան բարբարոսները, և հայր Արսենը հեռանալով՝ եկավ Եգիպտոսի ներքին կողմը և այնտեղ էր մնում: Եվ դարձյալ նույն ծերերը, լսելով այդ մասին, եկան նրան տեսնելու, և նա խնդությամբ ընդունեց նրանց: Մի եղբայր, որ նրանց հետ էր, ասաց նրան. «Իմացի՛ր, հա՛յր, որ մենք եկանք Տրոյիսում քեզ տեսնելու, և մեզ չընդունեցիր»: Ծերը նրան ասաց. «Դուք այն ժամանակ հաց ճաշակեցիք և ջուր խմեցիք, որդյա՛կ, իսկ ես նույնիսկ չնստեցի` տանջելով ինձ, մինչև որ տեղեկացա, թե հասել եք ձեր տեղը, որովհետև շատ էիք հոգնություն քաշել ինձ տեսնելու համար. թողությո՛ւն արեք ինձ, եղբայրնե՛ր»: Եվ նրանք հեռացան մխիթարված»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016