22 Օգոստոս, Եշ
Դեկտեմբերի 20-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Դվին սրահում, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների բժշկական տեղեկատվության հասանելիության բարելավում» ծրագրի շրջանակներում, կայացավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» թեմայի շուրջ հանդիպում-քննարկումը: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԻՊ գրասենյակի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության, ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կենտրոնի աշխատակիցներ, տարբեր բուժհաստատությունների բժիշկ-մասնագետներ և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներ:
Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և շնորհակալություն հայտնեց՝ քննարկմանը ներկա գտնվելու համար: Տեր Հայրն իր երախտագիտությունը հայտնեց նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանին, ատենապետ Լիլիթ Հայրապետյանին և ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Նազարյանին, հիմնադրամի աշխատակիցներին՝ ծրագրին պատրաստակամորեն աջակցելու համար: Այնուհետև Տեր Գրիգորն անդրադարձավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությանը, Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հետ կապված առկա խնդիրներին ու բացթողումներին, ներկայացրեց առաջին անգամ հայերենով հրատարակված «Դաունի համախտանիշ» ձեռնարկ ծնողների համար գրքույկը, որը նպատակ ունի օգնելու Դաունի համախտանիշով երեխաների ծնողներին, խնամակալներին և նրանց հետ աշխատող մասնագետներին ծանոթանալու այս համախտանիշով երեխաների առանձնահատկություններին, նրանց խնամքի, զարգացման և վարման կարգի ճիշտ մոտեցումներին:
Այնուհետև «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեությունն ողջունեց ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի աշխատակից Ալլա Սարգիսովան՝ նշելով, որ կազմակերպությունը լծվել է դժվարին և խնդրահարույց ոլորտի ուսումնասիրությամբ և որին սիրով իր աջակցությունը կբերի ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը:
Ապա «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահ Ռուզան Թամրազյանը ներկայացրեց «Արև-երեխաներ» ՀԿ-ի գործունեության նպատակը, իրականացվող ծրագրերը, արդյունքներն ու արձանագրված խնդիրները: Նա նշեց, որ ծրագրի արդյունքում բացի տեղեկատվության լայն տարածումից, բուժաշխատողների իրազեկումից, Դաունի համախտանիշով երեխաների վարման կարգի չափորոշչի մշակումից և ընտանիքներին ցուցաբերված սոցիալական աջակցությունից, թվով տասնհինգ ընտանիքների (Դաունի համախտանիշով երեխաների) փոխարեն հոգեբանական աջակցություն են ստացել թվով քառասունհինգ ընտանիքներ: ««Ճանաչեք և ընդունեք մեզ» կարգախոսն է կրում մեր ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվում է «Ես կարող եմ» վերնագրով սոցիալական տեսահոլովակը, ինչը նպատակ ունի ներկայացնելու, որ մեր Արև երեխաներն էլ կարող են անել այն ամենը, ինչ մենք՝ բոլորս»,- ասաց «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախագահը:
«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգեբան Սոնա Գրիգորյանն էլ անդրադարձավ այն հոգեբանական հիմնախնդիրներին, որ առաջ են եկել Դաունի համախտանիշով երեխաների ընտանիքների հետ աշխատելիս: Հոգեբանը նշեց, որ առաջին փուլը բացահայտումն է, թե երբ, որտեղ, ում կողմից և ինչպես են ծնողները տեղեկանում, որ իրենք Դաունի համախտանիշով երեխա են ունենալու կամ ունեցել են: Կարևորվեց, թե ինչ ինտոնացիայով է ինֆորմացիան ասվում և ինչ ուղղորդում է տրվում. «Շատ հաճախ բժիշկները տեղեկատվությունը հայտնում են ոչ միայն այդ շրջանակի, այլև իրենց ունեցած կարծրատիպերի համաձայն, որն արտահայտում է ցավակցություն և ափսոսանք, նշում են՝ երեխան հատուկ մասնագիտացված կենտրոնում պետք է ապրի և երկար չի ապրի, նրան բույսի կյանք է սպասվում, ձեզ էլ՝ մեծ տանջանքներ, առաջարկում են հղիության ընդհատում, եթե դա հղիության ընթացքում է բացահայտվել»: Սոնա Գրիգորյանը ներկայացրեց, թե նման մոտեցման պարագայում ինչ հիմնական արձագանքներ են ունենում ծնողները, ինչպիսի աշխատանք է անհրաժեշտ, որպեսզի նրանք փուլ առ փուլ հաղթահարեն խնդիրները, իսկ հետագայում երեխաների հետ տարվող հոգեբանական աշխատանքների շնորհիվ ինչպես է հնարավոր լինում նրանց մոտ բացահայտել ներքին ռեսուրսները, հասնել ինքնաբացահայտման, հոգեկան հանգստության և ինքնօգնության մեխանիզմների ներդրման: Հոգեբանը մատնանշեց առողջապահության, կրթության և սոցիալական հարցերի վերաբերյալ այն խնդիրները, որոնց առչնվում են ծնողները՝ նշելով նաև վերջիններիս կողմից ներկայացված առաջարկները տվյալ խնդիրների լուծման վերաբերյալ:
Հանդիպում-քննարկմանն իր ելույթով հանդես եկավ նաև «ԱրԲեՍ» ԱԿ-ի բժիշկ-վերականգնողաբան Գայանե Զաքարյանը, ով ներկայացրեց Դաունի համախտանիշով երեխայի հայտնի ֆենոտիպը, կլինիկական ու հիմնական տասը նշանները, տարածված բժշկական խնդիրները, Դաունի համախտանիշով երեխայի առողջության վերահսկման և առողջապահական ուղեցույցները, որ նպաստելու են երեխայի առողջ զարգացմանը:
Հանդիպման ավարտին իր խոսքն ասաց Արև երեխայի ծնող Սյուզաննա Համբարձումյանը, հնչած մի շարք խնդիրների վերաբերյալ քննարկում եղավ, առաջարկներ հնչեցին, և հանդիպումը եզրափակվեց «Ես կարող եմ» սոցիալական տեսահոլովակի աշխատանքային ընթացքը ներկայացնող տեսանյութի դիտումով:
Ճանաչելով և ընդունելով սեր ճառագող Արև երեխաներին՝ կվայելենք այն սերը, որ ջերմացնում, բարիացնում և լիացնում է աշխարհը, քանի որ սերը այն հզոր ուժն է, որ թույլ է տալիս աշխարհին անարգել վայելել սիրո ջերմությունը:
Կարինե Սուգիկյան