22 Օգոստոս, Եշ
Մի անգամ հարևան ֆերմաներում ապրող երկու եղբայր վիճեցին: Քառասուն տարվա ընթացքում առաջին լուրջ վիճաբանությունն էր նրանց միջև: Նրանց տնտեսությունները փոխկապակցված էին, բայց այդ միությանը վերջ դրվեց: Ամեն ինչ սկսվեց փոքրիկ թյուրիմացությունից, որը խոսքակռվի ու մեծ վիճաբանության վերածվեց, իսկ այնուհետև՝ լարված լռության:
Մի անգամ եղբայրներից մեկի տան դուռը թակեցին: Շեմին աշխատանք որոնող մի ատաղձագործ էր կանգնած: Եղբայրն ասաց.
- Ներս արի՛, քեզ համար աշխատանք ունեմ: Նայիր այն գետակին, որ մեր ֆերմաները բաժանում է: Դեռ մեկ շաբաթ առաջ այստեղ մարգագետին էր, բայց եղբայրս բուլդոզերը գետի ամբարտակի վրա քշեց ու այժմ այս գետակը բաժանում է մեզ: Եղբայրս ինձ հակառակ արեց դա: Ուրեմն դու էլ մի բարձր ցանկապատ կպատրաստես մեր ֆերմաների միջև ու ինձ կազատես նրա երեսն ու ֆերման տեսնելու անհրաժեշտությունից:
Ատաղձագործը համաձայնեց ու գործի անցավ: Ամեն ինչ մանրամասնորեն չափեց, փայտե տախտակներ կտրեց ու երեկոյան, երբ տանտերը դաշտից վերադարձավ՝ վարպետն իր գործն ավարտել էր: Եղբոր բերանը զարմանքից բաց մնաց: Ցանկապատի փոխարեն կամուրջ էր կառուցել գետակի վրա: Եվ որքան ավելի մեծ եղավ նրա զարմանքը, երբ տեսավ, որ իր եղբայրը կամրջի վրայով դեպի իրեն է շտապում:
- Այ քեզ բա՜ն, եղբայրս: Դու կամուրջ կառուցեցիր այն ամենից հետո, ինչ ես արեցի,- բացականչեց նա:
Եղբայրները հանդիպեցին կամուրջի կենտրոնում, միմյանց ձեռք սեղմեցին ու ողջագուրվեցին: Նրանք ատաղձագործին խնդրեցին իրենց մոտ մնալ աշխատելու, բայց նա պատասխանեց.
- Ուրախությամբ կմնայի, բայց դեռ շատ կամուրջներ ունեմ կառուցելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի