22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց հոգեբան, քրիստոնեական հասարակական բարեգործական «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի հիմնադիր և ղեկավար, Ռուս Ուղղափառ համալսարանի դասախոս Ե. Ն. Պրոցենկոյի հետ
Պրն. Պրոցենկո՝ որպես «Հին Աշխարհ» հիմնադրամի վերականգնողական ծրագրի ղեկավար, 23 տարի աշխատում եք ալկոհոլից և թմրադեղից կախվածություն ունեցող անձանց հետ: Պատմեք, խնդրեմ ինչպե՞ս սկսեցիք Ձեր գործունեությունն այս ասպարեզում:
1974 թ-ին ավարտելով համալսարանի հոգեբանության ֆակուլտետը՝ սկզբնական շրջանում նյարդաբանական կլինիկայում աշխատել եմ որպես նեյրոհոգեբան: Հետաքրքիր էր աշխատանքը, բայց այն ամբողջովին կառուցված էր մատերիալիստական տեսակետների հիման վրա: Աշխատանքի ընթացքում ինձ համար պարզեցի, որ մարդկային վարվելակերպի և հոգեբանության մեջ ոչ ամեն ինչ է, որ հնարավոր է այս տեսակետների հիման վրա բացատրել: Հետագայում այլ աշխատանքներ փնտրելով՝ 1987 թ-ին շատ պատահաբար աշխատանքի անցա նարկոլոգիական դիսպանսերում և շատ շուտով ինձ համար պարզեցի, որ չեմ կարողանում օգնել ինձ դիմող հիվանդներին: Սկսեցի փնտրել, թե աշխարհում ինչ մեթոդներով են փորձում օգնել թմրադեղից կախվածություն ունեցողին: Փնտրտուքների արդյունքում տեղակացա, որ շատ երկրներ այս բնագավառում մեծ հաջողություններ են գրանցել: Սկսեցի ծանոթանալ նրանց փորձին, կոնֆերանսների մասնակցեցի, ստաժավորման մեկնեցի ԱՄՆ, որտեղ տարբեր վերականգնողական կենտրոններում կես տարի որպես շահառու վերականգնողական ծրագրերի մասնակցեցի՝ ծանոթանալով նրանց ներքին աշխատանքներին: Եվ վերադառնալով Ռուսաստան՝ 1992թ-ից արդեն սկսեցինք մեր գործունեությունը: Սկզբնական շրջանում ամենօրյա հանդիպումներ էինք կազմակերպում կախվածություն ունեցող անձանց համար, իսկ տասը տարի անց համապատախան ծրագրերով սկսեցինք աշխատել արդեն մեր կողմից հիմնած ստացիոնար կենտրոնում:
Ինչո՞ւ է հիմնադրամը կոչվում «Հին Աշխարհ»:
Այն աշխատանքային ձևերն ու մեթոդները, որոնցով մենք աշխատում ենք ամերիկյան են՝ նկատի ունեմ «12 քայլ» ծրագիրը: Ամերիկան կոչվում է նոր աշխարհ: Իրականում այս ծրագրերի հիմքը և մոտեցումը քրիստոնեական է, իսկ քրիստոնեությունն ԱՄՆ-ում չի ծագել, այլ հին աշխարհում, այդ պատճառով հիմնադրամի անվանումն ընտրվեց «Հին Աշխարհ»:
Կարելի՞ է թմրամոլությունը և ալկոհոլամոլությունը համարել հոգևոր հիվանդություն:
Թմրամոլությունն ու ալկոհոլամոլությունը հիվանդություն է, որ ունի հոգևոր հիմք, թեև այն կազմված է նաև կենսաբանական և սոցիալական բաղադրիչներից:
Ինչպե՞ս կախվածություն ունեցող անձի մոտ արթնացնել բուժման ցանկություն:
Մարդն ի վիճակի չէ դա անել, բայց Աստված կարող է: Կարևորը չխանգարել կախվածություն ունեցողին, իսկ դա շատ հաճախ անում են հարազատները:
Ըստ հիմնադրամի վերականգնողական ծրագրի՝ բուժման ընթացքում հոգևոր ի՞նչ աջակցություն է ստանում թմրադեղերից և ալկոհոլից կախվածություն ունեցող անձը և հոգևորականներն ի՞նչ մասնակցություն են ունենում ծրագրին:
Բոլոր ինֆորմացիոն բլոգներում բավականին շատ նյութեր կան վերականգնողական ծրագրերի և քրիստոնեության կապի մասին: Քրիստոնեության մասին մենք շատ հաճախ ենք պատմում կենտրոնի այցելուներին, քանի որ շատերի համար այն ուղղակի կրոն է և ոչ թե ուղի, որ տանում է դեպի Աստված: Կենտրոնը սերտ համագործակցության մեջ է եկեղեցու հետ և ստացիոնար կենտրոնը, գտնվելով վանքի հարևանությամբ, յուրաքանչյուր շահառուի հնարավորություն է տալիս ցանկության դեպքում մասնակցել եկեղեցական արարողություններին, հոգևորականի հետ հանդիպել և զրուցել: Վերականգնողական ծրագրերին նաև հրավիրում ենք հոգևորականների, ովքեր տարբեր թեմաների շուրջ զրույցներ են անցկացնում շահառուների հետ:
Բուժվողների մոտ նկատելի՞ է հոգևոր աճ:
Կենտրոնն ամեն կերպ նպաստում է շահառուների հոգևոր աճին: Եվ կախվածություն ունեցողն առողջանում է, երբ իր կյանքում բացահայտում և գտնում է Աստծուն: Հակառակ պարագայում առողջանալու մասին խոսք լինել չի կարող, եթե անգամ շահառուն երկար ժամանակ ալկոհոլ կամ թմրադեղ չի օգտագործել:
ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հետ ինչպիսի՞ն է լինելու Ձեր համագործակցությունը:
Մեծ հեռանկարներ ունի «Ցերեկային կենտրոն»-ը, ուրախ կլինենք մեր փորձառությամբ օգտակար լինելու և կենտրոնի հետ համագործակցելու համար:
Պրն. Պրոցենկո, ինչպե՞ս ընդունեցիք Հայաստան գալու Ձեր հրավերը:
Առաջին անգամ չէ, որ Հայաստանում եմ, տարիներ առաջ մի քանի ամսով եղել եմ այստեղ: Շնորհակալություն «Ցերեկային կենտրոն»-ի տնօրեն՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին հրավերի համար, մեծ հաճույքով և ուրախությամբ ընդունեցի այն: Երկար տարիների դադարից հետո հետաքրքիր էր կրկին անգամ Հայաստանում գտնվել:
Տարեսկիզբ է, նշեցինք Սբ. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը, ի՞նչ կմաղթեք մեր կայքի ընթերցողներին այս կապակցությամբ:
Սբ. Ծնունդը թող հոգու ուրախություն ու խաղաղություն պարգևի յուրաքանչյուրիս և թող այն միշտ լինի մեր կյանքում:
Կարինե Սուգիկյան