22 Օգոստոս, Եշ
Հարցազրույց Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու տիկնանց միության անդամ, հեռուստալրագրող Սուսաննա Աբրահամյանի հետ
Ո՞վ է հարթել Ձեր ուղին դեպի Աստված:
Իհարկե Աստված: Արարիչն Ինքն է ճանապարհ հարթում դեպ Իրեն, առավելապես, երբ տեսանելի են բարեբեր այն հունդերը, որոնք արդեն իսկ նվիրաբերված են Աստծուն: Բացելով հոգու յուրաքանչյուր փակված դուռ՝ փառավորյալ Տերը`Լույսի միջոցով, էլ ավելի է մոտեցնում մարդուն Ճշմարտությանը, որովհետև մարդ արարածը մշտապես կարիք ունի զղջման, գթության, խոստովանության և ողորմության: Այսինքն, մարդը կարիք ունի հոգևոր մերձեցման, ինչը գոհություն է ստանում միայն Բարձրյալի հետ ունեցած զորավոր ներդաշնակության շնորհիվ:
Երիտասարդությանս տարիներին, իմ մեջ բացակայում էր հոգևոր գիտակցությունը, ինձ թվում էր, որ բացարձակ ճշմարտությունը` դա գիտությունն է և հաճախ էի հակադրվում շատերի տեսակետներին: Հավատացեք, բացառելով և ժխտելով հոգևորն ու աստվածայինը, ես համոզված մոտեցա փրկության տաճարին, ճանաչեցի ու նվիրաբերվեցի Ճշմարիտ Աստծո` Քրիստոսի էությանը: Այսինքն, ես հասկացա, որ խավարից ձգվեցի դեպի Լույս: Եվ գիտեք ինչ, ամենևին էլ պետք չէ փնտրել ճշմարտությունը, պետք է թույլ տալ, որ ճշմարտությունը քեզ գտնի: Իմ կյանքի ընթացքը ցույց տվեց, որ դեպի Աստված տանող ուղին փորձություններից բացի պահանջ է դնում մեծ Հավատքի ու մեծ Սիրո:
Ինչպե՞ս տեղի ունեցավ Ձեր և Աստծո միջև հանդիպումը:
Բավականին բարդ ու դժվարին հարց եք տալիս, չգիտեմ որքանով մոտ կլինի իմ պատասխանը ձեր հարցին, բայց անկեղծ կլինեմ. ես այն մարդկանցից եմ, ով Բարձրյալին իր մեր մեջ է փնտրում, որովհետև ամեն մարդու մեջ դրված է աստվածային սերմը, հատիկը, և մարդը ձգտում է դեպի կատարելություն: Մարդն ամեն վայրկյան երկխոսության մեջ է Աստծո հետ… հոգին մշտական կարիքն ունի դատարկվելու- լցվելու: Որքան մոտենում ես Տիրոջը` հոգուդ աչքերը էլ ավելի պարզ են դառնում, խաղաղության ես ձգտում, խոնարհություն ես ձեռք բերում, էլ ավելի բարի ես դառնում, ուզում ես ներդաշնակություն գտնել հոգուդ, խղճիդ ու մտքիդ հետ: Հավատացեք, ամեն մեկս էլ, կտրված չլինելով ներկայիս իրականությունից, կարիք ունենք մեր հոգու տաճարը միշտ մաքուր պահելու, լվանալու ամենօրյա ախտից և այդ մաքուր տարածքը նվիրաբերել Աստծուն՝ բնակեցնելով այնտեղ զորավոր Լույսը: Չմոռանանք, որ մենք Աստծո մի մասնիկն ենք:
Հավատքը ի՞նչ կերպ է փոխել Ձեր կյանքը:
Խոստովանեմ, որ դարձել եմ էլ ավելի մարդասեր, հախուռն բնավորությանս մեջ խաղաղություն և հանգստություն է դրվել, հասկացել եմ, թե որն է իրական ողորմությունը, որին սիրտդ է կառավարում, ուղղորդում, և ոչ թե միտքդ: Հնարավոր է թվա, թե ինքնագնահատման խոսքեր եմ ասում, բայց ոչ սա հոգուց է գալիս: Ես բացահայտել եմ, որ անբացատրելի մեծ սեր կա իմ մեջ դեպի մարդը, ես չեմ կարող մարդուն ուղղակի ճանաչել, նախ պետք է զգամ, սիրեմ նրան, չնայած որ ապտակը չի ուշանում հենց այդ մարդկանցից, բայց դա ինձ ամենևին չի վհատեցնում: Ես գտել եմ իմ ապրելու բանաձևը հենց այդ կերպ: Եվ հետո, ինչո՞ւ պետք է մարդը մարդուն սիրի, որովհետև մարդը մարդով է նաև մարդ:
Հավատքը հոգու ազատություն է ինձ պարգևել: Ճշմարիտ ապրելու և երջանիկ լինելու համար մարդը պետք է հոգու ազատություն ունենա: Ուր կա հոգու ազատություն, հոգու թռիչք, այնտեղ կա Աստված, բարություն, ոգու կամք, ստեղծագործ միտք: Այսօրվա մեր երիտասարդության մեջ էլ ես տեսնում եմ հոգու մեծ ազատություն: Ձգտումը դեպի Ճշմարտությունը: Հաճախ եմ հիանում, երբ տեսնում եմ, թե որքան մեծ թվով երիտասարդներ են այցելում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, ակտիվ մասնակցություն ցուցաբերում քահանայի քարոզներին, եկեղեցական տարբեր միջոցառումների: Երբ զրուցում եմ, հասկանում եմ, թե որքան խոհեմություն, աստվածային մտքի, ոգու ճանաչելիություն և լույս կա այդ երիտասարդների սրտում և աչքերի մեջ: Փառք մեր եկեղեցուն, որ նաև այսպիսի սերունդ է դաստիարակում: Թույլ տվեք ասել նաև, որ մարդը մեր իրականության ծնունդն է և չի կարող ապրել միայն հոգևորով` իսպառ կտրված լինելով կյանքից: Իմ ձեռքը մշտապես կյանքի զարկերակին է: Պետք է աշխատել, արարել, մտահոգ լինել երկրի, ժողովրդի ճակատագրով, մասնակցել իրադարձություններին և քո դրական փոփոխությունը բերել հայրենիքիդ:
Բացի մարմինը սնելուց, մարդը կարիք ունի նաև հոգին սնելու: Ի՞նչ կերպ եք սնում Ձեր հոգին:
Հոգիս, գրեթե ամեն օր, աղոթքի և հոգևոր ընթերցանության պահանջ ունի: Իմ կյանքի անբաժան մասն է դարձել աղոթքը, որի հիմքում դրված է մեծ հավատ ու սեր: Աղոթելն ինձ համար դարձել է կենսակերպ: Իմ սեղանի գրքերն են Աստվածաշունչը, Սբ. Գրիգոր Նարեկացու աղոթամատյանը, իսկ հոգևոր երգերն ինձ համար հոգու զարթոնք են, ճախրանք: Երբ լսում եմ «Սուրբ, Սուրբ», «Հավուն հավուն» և այլ շարականներ, ինձ թվում է, թե հոգիս է երգի թևով Սբ. Պատարագ առաքում առ Աստված:
Եկեղեցի և պետություն փոխհարաբերության դարերի շարունակական ընթացքը ինչպիսի՞ն է այսօր ըստ Ձեզ:
Առհասարակ, յուրաքանչյուր պետության բարոյական նկարագիր դրսևորվում է նաև ծերերի, հաշմանդամի, կարիքավորի և երեխաների հանդեպ ունեցած վերաբերմունքով: Ավելին, ըստ իս, եկեղեցին և պետությունը, երկրի հզորացման և զարգացման առումով պետք է միասնական գործունեություն դրսևորեն: Մեր սրբազան հայրերի ժրաջան աջով են սերմանված բարեբեր այն հունդերը, որոնք անկասկած պետք է ծիլ տան և արգասավորեն մեկ եկեղեցի, մեկ հայրենիք` ազգային գիտակցության մեջ: Խոստովանենք, որ Հայոց Առաքելական Սուրբ եկեղեցին երբեք անմասն չի եղել իր ժողովրդի, զինվորի հոգսերից ու կարիքներից: Իր օրհնաբանությամբ, աղոթքներով միշտ կանգնած է եղել հայ զինվորի կողքին: Վառ օրինակը ԱՀԹ-ի «Մենք մեր զինվորի կողքին ենք» բարեգործական ծրագիրն է, որտեղ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն իրենց հոգու պարտքը համարեցին միակամ աջակցել բանակում` ծառայության ընթացքում վիրավորված Գևորգ Եղիազարյանին: Այսօր էլ հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ասաց, որ համայնքը պատրաստվում է օգնել մեկ այլ վիրավոր զինվորի ևս: Ինքս, որպես համայնքի անդամ, տեսել և զգացել եմ համայնքի միասնականությունը, համախմբվածությունը, պատրաստակամությունը` մերձավորին սիրելու, կարիքավորին զորավիգ լինելու, մանկատան սաների հոգսերը հոգալու, բարեգործությամբ ծերանոցներ այցելելու: Ես հասկացել եմ, որ ես ևս հոգու պարտք ունեմ, անսակարկ սպասավորությամբ նվիրաբերվել եկեղեցուն, ակտիվություն դրսևորել եկեղեցու համայնքային կյանքում: Պատմությունն ապացուցել է, որ հաղթական ոգին «Հայակերտումի» անհնար է առանց հոգևորի, և հայի տեսակը հավատի ուժով է գոյատևել:
Տարին սկսել եք Երուսաղեմ ուխտագնացությամբ, ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար հոգևոր ճամփորդությունը:
Երուսաղեմ ուխտագնացությունը դա Աստվածային պարգև էր իմ հոգուն: Իսկ մինչ այդ, այն մշուշապատ երազանք էր ինձ համար, որն իրականացավ եկեղեցու միջոցով: Տիրոջ լույսի ներքո, նորովի իմաստնացավ, նորովի արժևորվեց ինձ համար ՄԱՐԴ լինելու հանգամանքը: Հոգևոր ճամփորդությունն իրական ճանապարհ հարթեց դեպի ՃԱՆԱՉՈՂՈՒԹՅՈՒՆ: Ես գիտակցեցի, թե որքան սխալ եմ ապրել, որքան դժվարություններ եմ ստեղծել ինքս ինձ համար: Ես վերափոխվելու պահանջ դրեցի:
Այս ուխտագնացությամբ իմ առաքելությունն էր նաև Տիրոջ տաճարից, որպես ջահակիր, Աստծո լույսն ու խորհուրդը բերել իմ երկրին և իմ ժողովրդին: Երուսաղեմն ինձ թույլ տվեց հասկանալ, որ ամեն մարդ պարտավոր է իր հոգու միջոցով լույս և սեր տարածի:
Ես հասկացա նաև, որ միայն ինձ համար չէի այնտեղ. իմ հոգին խնկարկում և աղոթում էր շատերի համար: Երուսաղեմին հրաժեշտ չեմ տվել, հոգուս կանչի հետևից պետք է նորից գնամ, կարծես ինձանից մի մեծ մասնիկ եմ թողել այնտեղ: Այնտեղ, ուր կա կամք, կա նաև ճանապարհ:
Կարինե Սուգիկյան