22 Օգոստոս, Եշ
Իննսունականների սկիզբն էր: Մի կնոջ ամուսնուն վիրահատեցին, սակայն բժիշկները ոչ մի հույս չտվեցին, որ կենդանի կմնա: «Ինձ այդպես էլ ասացին. «Մեկ տոկոսի հավանականություն կա ընդամենը»: Այն ժամանակ ես հավատից շատ հեռու էի, բայց ամուսնուս սիրում էի և չէի ցանկանում, որ մահանա: Միայն թե ի՞նչ կարող էի անել՝ վազվզել հիվանդանոցի միջանցքներում ու արցունք թափե՞լ:
Այդ ժամանակ ինձ խորհուրդ տվեցին մի ծեր քահանայի դիմել, ով ծառայում էր հիվանդանոցի մոտ գտնվող եկեղեցում: Նա լսեց ինձ ու ասաց. «Նստի՛ր նրա կողքին ու կարդա՛: Ավետարանը կարդա՛ ու սաղմոսները: Քո գործն աղոթելն է, իսկ նա կենդանի կմնա, թե՝ ոչ, մեր որոշելիքը չէ»:
Եկեղեցուց հույսով լի դուրս եկա: Աստվածաշունչ գնեցի: Եվ միայն հետո մտածեցի՝ ախր ինձ ո՞վ թույլ կտա նրա մոտ՝ վերակենդանացման բաժանմունք մտնել: Գնացի բաժնի վարիչի մոտ, ասացի, որ ուզում եմ խնամել ամուսնուս և տեղի քահանայից էլ օրհնություն եմ ստացել նրա համար Ավետարան կարդալու:
Ի զարմանս ինձ՝ միանգամից թույլ տվեցին վերակենդանացման բաժանմունք մտնել: Ես այնտեղ երեք ամիս անցկացրի՝ նրա համար Սուրբ Գիրքն ընթերցելով: Ամուսինս դուրս գրվեց հիվանդանոցից և դեռ տասը տարի էլ ապրեց:
Ինձ համար հանելուկ էր, թե բժիշկներն ինչպես էին իմ մշտական ներկայությունն այնտեղ հանդուրժում, բայց վախենում էի հարցնել, որ հանկարծ չվռնդեն: Հարցրի, երբ դուրս էինք գրվում: Պատասխանեցին. «Իսկ դուք նկատեցի՞ց, որ այս բոլոր ամիսների ընթացքում վերակենդանացման բաժանմունքում ոչ ոք չմահացավ: Մենք դեռ նախկինում էինք ուշադրություն դարձրել այդ ֆենոմենին: Այդ պատճառով էլ թույլ էինք տալիս, որ մնաք…»»
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի