22 Օգոստոս, Եշ
-Արժանապատիվ Տեր Հայր, լինել հոգևորական, Սուրբ Պատարագ մատուցել, բաշխել Սուրբ Հաղորդություն, առաջնորդել մարդկանց դեպի փրկություն… Ձեր կարծիքը քահանայի կոչման հետ կապված:
- Միանգամայն ճիշտ նշեցիք, որ հոգևորականի պարագայում խոսքը կոչման մասին է, և բարձր կոչման, որովհետև այն տրվում է ի վերուստ՝ Ամենախնամ Բարձրյալի կամոք և օրհնությամբ: Սա նախ Երկնավոր Հոր կողմից տրված մեծ պատիվ է մեզ, այնուհետև մեծ պատասխանատվություն՝ Տիրոջ հոտը ժողովելու, ուղղելու նրա ճանապարհը դեպի փրկություն և այդ ողջ ճանապարհին հոգ տանելու նրա ապահով ընթացքի համար: Սա սիրո, նվիրումի և զոհաբերության մի ուղի է, որ թելադրում է հոգևորականի կոչումն ու մեր սրբազան պարտքն է այն արժանիորեն կրելու:
- Տեղյակ ենք, որ Դուք Ձեր Հոգևոր ծառայության մեջ ներառել եք նաև հասարակության խոցելի խմբերին, ինչպիսիք են ՄԻԱՎ-ՁԻԱՀ վարակակիր մարդիկ եւ թմրամոլները… Ինչո՞ւ ստանձնեցիք այդ աշխատանքը:
- ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի խնդիրը համայն մարդկության առջև ծառացած առայժմ ամենասարսափելի աղետներից մեկն է և ցավոք սրտի չի շրջանցել մեր երկիրը ևս: ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով վարակվածների և թմրամոլների տարեցտարի ավելացող թվերը չէին կարող չհարուցել Հայ Եկեղեցու խորը մտահոգությունը և չմղել անմիջական միջամտության: Հայ եկեղեցականը վարակի և թմրամոլության կանխարգելման գործում կարևոր տեղ է զբաղեցնում, որովհետև հոգևոր դաստիարակության միջոցով նպաստում է հասարակության մեջ բարոյական և հոգևոր արժեքների ամրապնդմանը: Այդ նպատակով էլ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի Առաջնորդական Փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ և Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամի աջակցությամբ 2011թ.-ի սեպտեմբերից Երևանում բացվեց ԱՀԹ «Ցերեկային Կենտրոն»-ը, որի նպատակն է նվազեցնել Երևանում և մերձակա շրջաններում բնակվող ՄԻԱՎ-ով ապրող և ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդկանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական մեկուսացումը, նպաստել նրանց ինտեգրմանը, սոցիալական վիճակի բարելավմանը և հոգևոր արժեքների ձեռքբերմանը, վերացնել խարան-խտրականությունը հասարակության այս խոցելի խմբերի նկատմամբ և օգնել նրանց ձերբազատվելու մահվան հանդեպ ունեցած վախից և ներգրավել նրանց եկեղեցու համայնքային կյանք:
- Ի՞նչ է թմրամոլությունը:
- Թմրամոլությունը պարզապես հիվանդություն չէ, այլ մի ինչ-որ ավելի մեծ բան` այն, ինչն իր նախնիները սլավոնական բառով անվանում էին «կիրք», որը թարգմանվում է և՛ որպես «ուժեղ, անսանձելի ցանկություն», և՛ որպես «չարչարանք, տառապանք»: Սակայն սա հատուկ կիրք է. այն արհեստական է, ներմուծված դրսից, բայց իր հոգուն և մարմնին այնքան հարազատ, որ դարձել է ասես իր մի մասը: Նա նաև սթափ ու համարձակ հասկանում է, որ այս կիրքը իր մեջ կլինի մինչև կյանքի վերջ և մինչև կյանքի վերջ էլ նա ստիպված է պայքարել դրա հետ: Բայց Եկեղեցում նրան տրված է ամեն ինչ` այս պայքարում հաղթող դուրս գալու համար` հաղորդության խորհուրդ, խոստովանանք, ճգնավորների բազմաթիվ սերունդների մենակեցական փորձ, երանելի աստվածային օգնություն:
- Ի՞նչ դեր է խաղում Եկեղեցին երիտասարդների կյանքում:
- Ցավով պետք է նշեմ, որ այսօր եկեղեցական կյանքից ներս երիտասարդների թիվը դառնալիորեն անբավարար է: Իսկ Հայ առաքելական եկեղեցուց կտրվածությունը հանգեցնում է ոչ միայն դեպի տարբեր աղանդներ շարժին, այլև, հատկապես դեռահասների շրջանում դառնում վնասակար սովորույթների բնավորման պատճառ: Յուրաքանչյուր անձի ձևավորման համար հատկապես կարևոր են դառնում նրա դեռահասության տարիները (տասներկուսից քսան տարեկան), երբ ձևավորվում են հետագա անհատականության սաղմերը: Այս տարիքում, շրջապատի և ընկերների կողմից ընդունված լինելու մղումով շատ դեռահասներ տրվում են ամբոխահաճո, վնասակար սովորույթների, ինչպիսիք են գինեմոլությունը, թմրամոլությունը և այլք, կատարում քայլեր, որոնց համար հետագայում պիտի զղջան: Երիտասարդության, ինչպես նաև դեռահասների բացասական սոցիալական վարքագիծը կանխելուն են ուղղված Եկեղեցու հովանու ներքո գործող Երիտասարդաց միությունները և հայ հոգևորականների ամենօրյա շփումները տարիքային այս խմբի ներկայացուցիչների հետ:
-Ուզում եմ անդրադառնալ Պիղատոսի հարցին. Ինչ է Ճշմարտությունը…
- Հիսուս անպատասխան թողեց Պիղատոսի այդ հարցը… Բայց ճշմարտության մասին խոսել էր դրանից առաջ, իրեն հավատացող հրեաների հետ և որակել այն որպես ազատարար. «Կճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»:
-Տեր Հայր, Ձեր բարեմաղթանքը մեր ընթերցողին:
- Բարեմաղթանքս է Տիրոջ բոլոր զավակներին, որպեսզի Աստծո Ամենախնամ Աջը հովանի լինի ամենքին, հատկապես՝ երկրիս սահմաններն օր ու գիշեր պահպանող մեր քաջ հայորդիներին: Թող Բարձրյալի անսպառ սերը, ողորմածությունն ու ճշմարտությունը լցնի ամենքիս սրտերը, ազատի մեզ մեղքի կապանքներից ու մեր կյանքերն ուղղի դեպի հավիտենական փրկություն:
Աղբյուրը՝ Պառլամենտ ամսագիր