22 Օգոստոս, Եշ
Քրիստոնեական ժառագնության մատյանները թերթելիս նկատում ենք, որ հոգևոր հայրերը հոգևոր կյանքի վերաբերյալ բավականաչափ աշխատություններ են փոխանցել, որոնք յուրաքանչյուր անհատի կարող են ծառայել Աստծուն մոտենալու համար` իբրև երկնային լույսով լեցուն ուղեցույցներ դեպի Երկնքի Արքայություն, որովհետև խավարով պատված աշխարհում այդ հոգևոր հայրերը նման են երկնքից կախված հրափայլ կանթեղների` բոցավառված Սբ. Հոգու հավիտենականության լույսով: Հոգևոր կյանքի լուսաբանմանը անդրադարձել է նաև Օգոստինոս Երանելին: Նրա հայտնի աշխատություններից հիշատակելի են «Խոստովանություններ», «Աստծո քաղաքի մասին» և այլ գործերը: Հետաքրքրական է նաև նրա լուսաբանումը հավատքի տարբեր մակարդակների մասին: Նա գրում է, որ գիտելիքը երեք տեսակի է լինում, մարդու երեք զույգ աչքերին համապատասխան: Մարդու առաջին զույգ աչքերը զգայական աչքերն են, որոնք ուղղված են զգայական աշխարհին, երկրորդ տեսակի աչքերն ուղղված են մարդու ներաշխարհին, երրորդ տեսակի` հոգևոր աչքերը, ընկալում են Աստծուն և աստվածայինը, հոգևոր աշխարհը: Մեղսագործությունից հետո մարդու զգայական աչքերը չեն վնասվել, երկրորդ տեսակի աչքերի լույսը աղոտացել է, իսկ հոգու աչքերը լիովին կուրացել են: Հոգևոր կատարելության խնդիրը և հոգևոր կյանքի հիմնական նպատակը մարդու հոգևոր աչքերը բացելն է: Հոգևոր աչքերը բացելու հիմնական եղանակը հին, արտաքին, երկրային մարդուն վանելն ու նոր, հոգևոր, երկնավոր մարդուն ձեռք բերելն է: Նկարագրելով մարդու կյանքը` Օգոստինոս Երանելին կարծում է, որ մարդը, ծնունդից մինչև մահ, ապրում է մարմնական կյանքով, կապված է անցավոր իրերի ու նման իրեր ունենալու ցանկության հետ: Այդպիսի մարդը հին, երկրային, արտաքին մարդ է: Այդ կյանքով ապրող մարդը, եթե անգամ ապրի բարեկարգ երկրում, օրենքների և իշխանավորների հոգածության ներքո և իրեն երջանիկ զգա, միևնույն է, երջանիկ չի կարող լինել: Որոշ մարդիկ այդպես են անցկացնում իրենց ողջ գիտակցական կյանքը: Սակայն ոմանք, ապրելով այդ վիճակում, հանկարծ ներքուստ վերածնվում, ամրապնդվում են հոգով, աճում են իմաստությամբ և փարվում երկնային օրենքներին: Նրանք ի վերջո դառնում են նոր մարդ, հոգևոր մարդ: Հին մարդու մահը և նոր մարդու վերածնունդը տեղի է ունենում աստիճանաբար, երբ մարդն անցնում է որոշ հոգևոր աստիճաններով: Այդ աստիճանները համապատասխանում են ոչ թե մարդու կյանքի տարիների թվին, այլ ներքին հաջողություններին: Օգոստինոս Երանելին առանձնացնում է հոգևոր կյանքի յոթ աստիճաններ:
Առաջին աստիճանում մարդն ապրում է դեռևս երկրային կյանքով, բայց աստիճանաբար, բարեպաշտ մարդկանց հետ շփվելով և նրանց օրինակին հետևելով, հակվում է դեպի հոգևոր կյանք:
Երկրորդ աստիճանը երկրային կյանքն աստիճանաբար անտեսելու և դեպի Աստված ու աստվածայինին ձգտելու աստիճանն է: Մարդն այլևս հաշվի չի առնում մարդկային հեղինակությունը, բանականության գործունեության մեջ սկսում է հենվել բարձրագույն և անփոփոխ օրենքների վրա:
Երրորդ աստիճանն առավել հաստատուն հոգևոր վիճակ է, երբ մարդ բանականության ուժով վեր է կանգնում մարդկային ցանկություններից, ներքուստ ուրախանում է հոգևոր կյանքի քաղցրությամբ: Մարդը, հիշելով անցյալի երկրային կյանքը, ամոթի զգացում է ապրում, սկսում է ապրել առաքինի կյանքով, բայց ոչ թե հարկադրաբար, այլ ինքը չի ցանկանում մեղք գործել, թեկուզ բոլորն էլ ներեն մեղսագործությունը:
Չորրորդ աստիճանում մարդը շարունակում է առաքինի կյանքը, բայց ավելի հաստատուն կերպով և հետևողականորեն: Նա դառնում է կատարյալ այր, որը համբերությամբ պատրաստ է կրելու այս աշխարհի դժվարությունները, հաղթահարելու բոլոր աշխարհիկ փոթորիկները:
Հինգերորդ աստիճանը խաղաղ և բոլոր առումներով հանդարտ վիճակ է, երբ մարդ ապրում է արդեն բարձրագույն և անճառելի իմաստության լույսի, հոգևոր առատության և հարստության մեջ:
Վեցերորդ աստիճանը հավերժական կյանքի համար բազմակողմանի փոփոխության վիճակն է, երբ մարդը լիովին անտեսում և մոռանում է աշխարհիկ, երկրային կյանքը, անցնում է կատարյալ կյանքի, հոգում վերականգնում է Աստծո պատկերն ու նմանությունը:
Յոթերորդ աստիճանը հավերժական հանգստի և երանության վիճակն է: Ինչպես հին մարդու վախճանը մահն է, այդպես էլ նոր մարդու ծնունդը հավերժական կյանքն է: Մեղքի մարդը մեռնում է, արդարության մարդը` հարություն առնում:
Հատկանշական է, որ հին և նոր մարդու մասին տեսությանը հանդիպում ենք Աստվածաշնչում, հատկապես Պողոս առաքյալի նամակներում: Նոր մարդու ներքո ընկալվում է կեցության, առօրյայի ապրելակերպի նորովի ուղին Քրիստոսով: Նոր մարդը կոչվում է նոր, քանի որ իր ամբողջ էությամբ հակադրվում է մեղքին ու դրա գործառույթներին, և Աստծո շնորհը սկսում է գործել մարդու բնության մեջ ու անբաժան է դառնում նրանից: Այդպիսի աստիճանի բարձրանալու համար մարդն անկարող է միայնակ իր ուժերով հասնել: Այն իրականություն է դառնում Աստծո միջոցով: Հովհաննես առաքյալն այդ մասին այսպես է գրում. «Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան։ Նրանք ո՛չ արյունից, ո՛չ մարմնի կամքից և ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին» (Հովհ. 1.12-13): Նոր մարդու սրտում կարող ենք տեսնել Աստծո արքայությունը, ինչպես Պողոս առաքյալն է նկարագրում այդօրինակ մարդու հոգևոր վիճակը. «որովհետեւ Աստծու արքայությունը ուտելիք և ըմպելիք չէ, այլ՝ արդարություն և խաղաղություն և խնդություն Սուրբ Հոգով» (Հռոմ. 14.17):
Ուշագրավ է նաև որոշ աստվածաբանների կողմից հոգևոր կյանքի երեք փուլերի բաժանումը.
Առաջինը` հոգևոր կյանքի նախապատրաստական փուլ, որն ընդգրկում է դարձը և ապաշխարությունը, աշխարհից հրաժարվելը, հոգևոր աշակերտությունը, Աստծուն ապավինելը և այլն:
Երկրորդը` բարոյագործնական կյանքի և մաքրագործության փուլ, որն ընդգրկում է մարմինը, միտքը, կամքը և զգացմունքները մեղքերից ազատագրելը և առաքինությունների, մասնավորապես՝ աստվածային առաքինությունների ձեռք բերելը:
Երրորդը` հայեցողական կյանքի և աստվածացման փուլը, որը կյանքն է Աստծով և Աստծու մեջ:
Պատրաստեց Հովհաննես սրկ. Մանուկյանը