22 Օգոստոս, Եշ
Հայր Մակարը տեսավ մի աբեղայի` շրջապատված կանացի կերպարանք առած դևերով, որովհետև ծույլ էր: Գնաց նրա մոտ ու սկսեց չարախոսել իր անձի մասին, թե՝ ծույլ եմ և այս ծերությանս մեջ դևերի խաղալիք եմ դարձել: Եվ աբեղան ասաց. «Աստված է ճարը»: Իսկ հայր Մակարն ասաց. «Քեզ չեմ թողնի, մինչև ինձ երաշխիք չտաս, որ կաղոթես ինձ համար ամեն գիշեր»: Եվ լսելով ծերի աղաչանքները՝ եղբայրը խոստացավ անել այդ: Երբ գիշերը վեր կացավ աղոթելու ծերի համար, զղջաց և ասաց. «Ա՛նձ իմ եղկելի, ինչո՞ւ ծերի համար աղոթում ես, բայց քեզ համար չես աղոթում», և մի աղոթք էլ իր համար արեց: Այդպես շարունակեց մեկ շաբաթ՝ մի աղոթք ծերի համար էր անում, մի աղոթք՝ իր: Կիրակի օրը հայր Մակարը եկավ եկեղեցի և տեսավ, որ դևերը հեռու էին եղբոր խցից և խիստ տխուր էին, և հասկացավ ծերը, որ եղբոր աղոթքների պատճառով էին տխրել դևերը, իսկ ինքը խիստ ուրախացավ: Երբ աղոթքը ավարտեցին, գնաց դարձյալ եղբոր սենյակը և ասաց. «Քո աղոթքները հույժ օգտակար եղան ինձ, արդ խնդրում եմ, այսուհետև երկուական աղո՛թք արա ինձ համար»: Եղբայրը սկսեց երկուական աղոթք անել ծերի համար և ասաց. «Ո՛վ եղկելի անձ իմ, քեզ համար էլ երկուական աղո՛թք արա»: Այդպես էլ արեց. հաջորդ շաբաթ գիշերները չորսը աղոթք էր անում իր և ծերի համար: Երբ ծերը դարձյալ եկավ եկեղեցի, տեսավ դևերին առավել տրտում և հեռու, և գոհություն հայտնելով եղբորը՝ խնդրեց հավելել աղոթքները և երեք աղոթք անել իր համար: Եվ ավելացրեց եղբայրն աղոթքները իր և ծերի համար, և հաջորդ շաբաթ գիշերները վեց աղոթք էր անում: Երբ երրորդ անգամ հայր Մակարը եկավ նրա սենյակ, տեսավ դևերին խիստ բարկացած, և ատամ էին կրճտացնում իր վրա և անարգում էին, քանզի տրտմել էին եղբոր կենցաղավարության վրա: Իսկ ծերը մտնելով սենյակ՝ պատմեց այս ամենը աբեղային և պատվիրեց զգույշ լինել աղոթքներում: Եվ եղբայրը Աստծու շնորհով և ծերի աղոթքներով դարձավ փութաջան և խիստ ճգնակյաց, իսկ դևերը տեսնելով նրա դարձը՝ փախան ամոթահար:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016