22 Օգոստոս, Եշ
Հայրերից մեկը մեզ պատմեց, թե երկու ամմիացի վաճառական ընկերներ կային, որ միասին շրջում էին և օտար երկրներում վաճառականությամբ էին զբաղվում: Նրանցից մեկը անթիվ ունեցվածք ուներ, իսկ մյուսը` չափավոր, և մեծահարուստն ուներ շատ գեղեցիկ և սրբասեր մի կին, ինչը և կհաստատվի մեր պատմության շարունակությունից, քանի որ մեռավ այս գեղեցիկ կնոջ ամուսինը, և սիրեց նրա գեղեցկությունը այն երկրորդ վաճառականը, որ նրա ամուսնու ընկերն էր, սիրեց և նրա իմաստությունն ու ունեցվածքը և կամենում էր կին առնել իրեն, սակայն ամաչում էր ասել` գիտենալով, որ երկյուղած է և չի հավանի իրեն: Իսկ համեստ տիկինը, քանի որ իմաստուն էր, հասկացավ այդ և նրան ասաց. «Տե՛ր իմ Սիմեոն (որովհետև այս էր նրա անունը), տեսնում եմ, որ դու շփոթ մտքերի մեջ ես. ասա՛ ինձ քո խորհուրդները, և ես կհանդարտեցնեմ քո մտքերը»: Իսկ նա նախ վախեցավ ասել, սակայն հետո խոստովանելով ասաց. «Կամենում եմ, տիկի՛ն, լծակցել քեզ և հետևել քո կամքին և իմաստությանը»: Կինն ասաց. «Եթե անես այն, ինչ կպատվիրեմ քեզ, ես քո կամքը կկատարեմ»: Նա պատասխանեց. «Այն ամենն` ինչ հրամայես, առանց հապաղելու կկատարեմ»: Կինն ասաց. «Գնա՛ քո առևտրին և բնավ ոչինչ չճաշակես, մինչև կանչեմ քեզ, և, Տերը վկա մեր մեջ՝ ես ևս ոչինչ չեմ ճաշակի` մինչև որ դու գաս»: Եվ նա ուխտեց երդմամբ՝ կատարել պայմանը և կարծում էր՝ նույն օրը կկանչի իրեն, քանի որ հրավիրելու ժամկետ չէր դրել: Անցավ մեկ օր, երկու, երեք, և չկանչեց նրան, բայց նա համբերում էր` երդման և հեշտալի սիրո պատճառով, և Աստված զորացնում էր նրա համբերությունը, որովհետև կամենում էր նրա փրկությունը, քանզի հետագայում նա ընտրյալ անոթ դարձավ: Չորրորդ օրը կանչեց նրան, երբ վհատված ու նվաղած էր սովից այնչափ, որ անգամ քայլել չէր կարողանում, ուստի դնելով երիվարի վրա՝ տարան նրա մոտ: Իսկ կինը, մինչ Սիմեոն վաճառականի ժամանելը, ով գալիս էր սովահար, բազում խորտիկներով սեղան էր գցել և անկողին էր պատրաստել: Երբ Սիմեոնը տուն մտավ, կինը նրան մեկուսի ու ծածուկ ասաց. «Ահա ե՛կ և տե՛ս, որ սեղան ու անկողին պատրաստեցի»: Սիմեոնը երբ տեսավ, սաստիկ ուրախացավ: Իմաստուն կինն ասաց նրան. «Ահա՛ սեղանը և ահա՛ մահիճը՝ ըստ քո կամքի. ո՞ւր ես կամենում, որ գնանք առաջինը»: Սիմեոնն ասաց. «Աղաչում եմ քեզ, կերակուր տուր ինձ, քանզի արդեն իմ հոգին մարում է, և սովից ու ուժասպառությունից չեմ էլ հիշում, թե ինչ բան է կինը»: Այնժամ կինն ասաց նրան. «Ահա երբ քաղցեցիր, իմ սիրուց և բոլոր կանանցից առավել՝ կերակուրը ցանկացար: Ուստի, երբ այդպիսի խորհուրդները կնեղեն քեզ, այդպիսի դեղ ունեցի՛ր քեզ հետ և կազատվես մարմնի բոլոր ախտակիր խորհուրդներից: Եվ արդարև հավատա՛ ինձ, որ իմ ամուսնու վախճանից հետո ո՛չ քեզ և ո՛չ էլ մեկ ուրիշ տղամարդու չեմ մերձենա, այլ այրիության մեջ կմնամ Քրիստոսի հովանու ներքո»: Սեղանից հագենալուց հետո իբրև խրատ՝ այս մտադրությունը հայտնեց Սիմեոն վաճառականին հոգևոր գիտության մեջ իմաստուն և հոգևոր տիկինն: Իսկ Սիմեոնը, երբ լսեց այս, սաստիկ զղջաց` տեսնելով կնոջ բարեպաշտությունն ու աստվածասիրությունը: Եվ վաճառեց իր ունեցվածքը, բաժանեց աղքատներին, դարձավ կրոնավոր և բնակվեց Ապամիայում գտնվող վանքում ու դարձավ Աստծուն հաճելի այր: Նույնպես և կինը` մտավ կույսերի վանքը և սուրբ ու պատվական վարքով ապրեց` գոհանալով Աստծուց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016