22 Օգոստոս, Եշ
Փեսենթասիոս, Սորոս և Փսոյիոս հայրերն ասացին, թե` լսեցինք հայր Պախումի խոսքերը և մեծապես շահեցինք, քանզի նախանձախնդրություն արթնացրեց մեր մեջ դեպի բարին, որովհետև թե՛ նրա խոսքը, թե՛ նրան լսելն արդեն իսկ կատարյալ գործ էր, քանզի ոմանք կարծում էին, թե բոլոր սրբերին ի սկզբանե այդպես էր ստեղծել Աստված` մոր որովայնից սուրբ և չարից` զերծ: Նույնպես և մեղավորների մասին կարծում էին, թե պատահմամբ են դառնում մեղավոր կամ արդար և ոչ թե՝ կամովին: Սակայն դա այդպես չէ, այլ մեր կամքով ենք դառնում արդար կամ մեղավոր, ինչպես շատերի օրինակով տեսանք ի սկզբանե: Նույնը տեսնում ենք նաև հայր Պախումի օրինակով, քանզի նա հեթանոս ծնողների որդի էր, սակայն այդուհանդերձ առաջադիմեց աստվածապաշտության և սրբության մեջ` զարդարվելով ամենայն առաքինությամբ: Այստեղից էլ հայտնի է, որ մենք և բոլորս Աստծուց ստեղծվել ենք բարի և հանուն բարու, և մեր կամքով ենք հետևում բարուն կամ չարին` ըստ Տիրոջ խոսքի, որ ասում է. «Դեպի ի՛նձ եկեք, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և ես կհանգստացնեմ ձեզ. վերցրե՛ք իմ լուծը ձեզ վրա» (Մատթ. ԺԱ 29-30): Ուրեմն, հանձնենք մեր կյանքը և մահը այսպիսի հայրերին, որպեսզի ուղիղ առաջնորդեն մեզ Աստծո ճանապարհով, և մեղքերի պատճառը չդնե՛նք Աստծո վրա, Ումից միմիայն բարություն, ճշմարիտ ողորմություն, գթություն ու սեր ենք ակնկալում իբրև պարգև:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016