22 Օգոստոս, Եշ
Ասաց դարձյալ. «Կրոնավորը չպետք է զբաղվի ծաղկանոցներով, տնկիներով, ծառերի գեղեցկությամբ և պտղաբեր անտառներով, ո՛չ էլ զովասուն տաղավարներով, ականակիտ աղբյուրներով, այգիներով ու բազմապտուղ բանջարանոցներով. ո՛չ հոյակերտ տներ բաղձա, ո՛չ պահեստներ և ո՛չ էլ շուրջը սփռված ոչխարների հոտեր, արջառների նախիրներ և ձիերի երամակներ: Սրանցից ոչ մեկը չպետք է ձեռք բերի կրոնավորը, այսինքն` այն ամենը, ինչ երկրավոր է: Այլ պարտավոր է այնչափ աղքատ լինել, որ մինչև իսկ մարմնին անհրաժեշտ պիտույքների պակասն ունենա, բայց և գոհանա Աստծուց: Նաև՝ պետք է գիտակցի, որ հեռավոր ճանապարհ է գնում և պետք է օտարանա ամեն տեսակի կենցաղային հանգստից ու հոգսերից: Սակայն եթե կրոնավորն սկսի կենցաղային հոգսերի համար ջանալ և դրանց նվիրվել, չի կարող Աստծուն սիրելի լինել և ոչ էլ մարդկանց բամբասանքներից ու ատելությունից խուսափել: Եվ շատերի հետ կռիվների, խռովությունների և պատերազմների մեջ կներքաշվի զանազան խոսակցությունների, հանդերի, մարգերի ու այգիների սահմանների պատճառով: Իր գեղեցկաշեն տանը կկամենա մեծամեծներին հյուրընկալել և աղքատներին չի թողնի մտնել այնտեղ: Հոգ կտանի նաև այ գիների մասին, ոչխարների հոտերի և նախիրների ու եզների մասին, մշակներ կվարձի և անդաստաններ կգնի, արոր կպատրաստի ու հողը կվարի, այգիների, ջրամբարների ու պարտեզների համար խռովքներ կապրի ու կմաշվի: Եվ եթե մեկը նրա այգու կամ տան ցանկապատը քանդի, նրա հետ կթշնամանա ու կկռվի: Եթե մեկը անասուն մտցնի նրա արտը, կամ մեկ ուրիշը որևէ վնաս հասցնի, ամենքի հետ կկռվի, կզայրանա և ողջ օրը կատաղած ման կգա: Բարկությամբ իշխանին օգնության կկանչի, ուղիներ կորոնի չարով հատուցելու իրեն վնաս պատճառողներին և տրտմեցնողներին, ծառա կդառնա ամեն տեսակ ախտերի և կգերեվարվի սատանայի կողմից: Ի՞նչ շահ ունեցավ մենակյացը, եթե ոչ` կորուստ. թեև հեռացավ երկրից, սակայն դարձյալ փարվեց երկրային գործերին, ինչպես և ասվում է. «Ոչ մի զինվորություն անող այս աշխարհի գործերով չի զբաղվում, որպեսզի զորապետին հաճո լինի» (Բ Տիմ. Բ, 4): Ուստի սկսենք հեռանա՛լ մարմնավոր գործերից, մոռանա՛նք նրա ինչքերն ու շահերը, արհամարհե՛նք այն ամենը, ինչը մեր միտքն ընկղմում է կորստյան խորխորատները, թե թևացնե՛նք նավերի և մեր հոգիների բեռը, որպեսզի դյուրությամբ ուղղորդի մեր նավապետը, որ միտքն է, որպեսզի կարողանանք անցնել ախտերի ծովերը և հասնել երկնային նավահանգիստ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016