22 Օգոստոս, Եշ
Հայր Մակարն ասաց. «Ովքեր կամենում են անցնել երևելի ծովը, նավի կարիք ունեն: Ովքեր կամենում են անցնել աներևույթ ծովը, այս առաքինությունների կարիքն ունեն` հավատ, հույս, սեր, երկայնամտություն, խոնարհություն, պահեցողություն և աղոթք: Իսկ ով առանց սրանց մտնի աներևույթ ծովը, մեծամեծ վշտեր և տանջանքներ կկրի և այն կողմ անցնել չի կարողանա: Հանդարտությունն օգտակար է, քանի որ ազատում է չարից: Իսկ ովքեր ստանան այդ առաքինությունները, հեշտությամբ կհասնեն անախտության, քանզի մտքով չի կարող հանդարտվել նա, ով նախ մարմնով չի հանդարտվել: Հոգու և մարմնի այդ միջնապարիսպը չի քանդվի առանց հանդարտության»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016